
«Ռուսաստանը դուրս է գալիս ոչ թե Սիրիայից, այլ իրավիճակից». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերմանը Սիրիայից՝ նշեց, որ այն, ինչ կատարվեց, կոչվում է ելքի ռազմավարություն:
Ըստ նրա՝ Ռուսաստանը դուրս է գալիս ոչ թե Սիրիայից, այլ իրավիճակից, որը բարդացել է Սիրիայի շուրջ. «Նա դուրս է գալիս այդ իրավիճակից, որովհետև կատարել է իր հանձնարարությունները: Ես չեմ պատրաստվում կրկնել այն, ինչ ասում են ռուս պրոպագանդողները, խոսքը նրա մասին չէ, որ նա իր հանձնարարությունները կատարել է, մասնավորապես, Սիրիայում: Սիրիայում Ռուսաստանը հետաքրքրքություններ չունի, ու Սիրիա մտնելու գաղափարը լրիվ այլ նպատակ ուներ՝ քաղաքական, և ոչ թե ռազմական»:
Ռուսաստանի հիմնական նպատակը մեկն էր, որը Ա. Իսկանդարյանը ներկայացրեց երեք մասով. «Առաջինը՝ ցույց տալ, թե ով է տանտերը: 2014թ. մարտից, երբ Ռուսաստանի վրա գրեթե ուշադրություն չէին դարձնում, Ռուսաստանը փորձում էր ու փորձում է աշխարհին ցույց տալ, որ իր հետ պետք է հաշվի նստել: Դա արվեց սկզբից՝ Ղրիմում, հետո՝ Դոնեցկ, Լուգանսկ, հետո՝ Սիրիա: Այս ամենը մեկ ռազմավարության մաս է, և այդ ռազմավարությունը այն է, որ Ռուսաստանի հետ հաշվի նստեն: Դա կատարվեց, որովհետև հիմա Ռուսաստանին հարցնում են ու լուրջ են հարցնում: Երկրորդ նպատակը Ուկրաինան է: Նկատի ունեցեք այն, որ Ուկրաինայի մասին գրեթե մոռացել են, այն մղվել է երկրորդ պլան: Եվ երրորդն այն է, ինչ կատարվեց Սիրիայում: Բաշար Ասադը հիմա մաս է կազմում ներսիրիական այսպես ասած՝ երկխոսության, ինչը չկար այն ժամանակ, երբ Ռուսաստանը չէր մտել Սիրիա»: