Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավագ մասնագետների միջին աշխատավարձը 3500 դոլարի է հասնում

Տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտում զբաղվածների թիվը 2015-ին հասել է 12 հազար 685-ի, ինչի արդյունքում մոտ 10 տոկոս աճ է արձանագրվել 2014թ. համեմատ: Տեխնիկական մասնագետների թիվը հասել է 10 հազար 250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը, հասնում է մոտ 15 հազարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սրանք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղոդրակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն 2015»-ի արդյունքներն են:

Տեխնիկական աշխատուժի արտադրողականությունն օտարերկրյա բաժնեմասնակցությամբ մեկ աշխատողի հաշվով հասել է 48 հազար 067 ԱՄՆ դոլարի, իսկ տեղական ընկերություններում աշխատողների արտադրողականությունը կազմում է 31 հազար 260 դոլար, ինչպես և նախորդ տարի:

Տեղական ընկերություններում կրտսեր տեխնիկական աշխատողի միջին աշխատավարձը տատանվում է 300-400 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ավագ մասնագետների աշխատավարձը հասնում է 3500 դոլարի: Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում տեխնիկական մասնագետի աշխատավարձի չափը կազմում է 400-3500 ԱՄՆ դոլար:

Համաձայն ուսումնասիրության՝ ՏՏ ոլորտում աշխատող 10 հազար 250 տեխնիկական մասնագետների 70 տոկոսն աշխատում է ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում, մինչդեռ մնացած տեխնիկական աշխատուժն աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում: 2014թ. համեմատ 2015թ. ղեկավար և բիզնես մասնագետների մասնաբաժինն ընդհանուր ՏՏ աշխատուժի մեջ աճել է և´ տեղական, և´ օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում: Պարզ է դարձել, որ օտարերկրյա ընկերություններում աճի ավելի մեծ ծավալներ են արձանագրվել, քան տեղական ընկերություններում, ինչը ցույց է տա լիս, որ օտարերկրյա ընկերությունները մեծացնում են Հայաստանում իրենց ներկայության մասշտաբները: Տեղական և օտարերկրյա ընկերություններում աշխատում է ամբողջ աշխատուժի համապատասխանաբար 43 և 57 տոկոսը (2008թ. այս հարաբերակցությունը եղել է 50/50): Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերությունների աշխատակիցների միջին թիվը (թվաբանական միջին) 57 աշխատակից է, իսկ տեղական ընկերությունների աշխատակիցների միջին թիվը՝ 20:

Ընկերությունների ընդամենը 4 տոկոսում են աշխատում 100 և ավելի մասնագետներ, որը կազմում է ամբողջ աշխատուժի 43 տոկոսը, իսկ 81 տոկոսում` 25-ից պակաս մասնագետներ, ինչը կազմում է ամբողջ աշխատուժի 30 տոկոսը:

2015թ. տվյալներով՝ Հայաստանի ՏՀՏ ոլորտում աշխատողների 68 տոկոսը մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան ունի: Ուսանողները կազմում են ՏՀՏ աշխատուժի 35 տոկոսը:

Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետների գերակշիռ մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են՝ 63 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 37 տոկոս: Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի կին աշխատողների թիվը 2014թ.-ի համեմատ ավելացել է 2 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս