Բաժիններ՝

Նույն ապրանքատեսակը Գյումրու մանկապարտեզները ստանում են տարբեր գներով

Քաղաքապետարանի` մանկապարտեզների տնօրեններին մենակ թողնելու եւ ինքնուրույն կազմակերպված մրցույթների արդյունքը

Ինչպես տեղեկացրել էր asparez.am-ը, Գյումրու համայքնապատկան մանկապարտեզներն այս տարեկսզբից` որպես առանձին իրավաբանական սուբյեկտ, իրենք են կազմակերպելու սննդի ձեռքբերման, մատակարարման մրցույթներն ու առաջնորդվելու են «Գնումների մասին» օրենքի պահանջներով: Համայնքապատկան 22 մանկապարտեզներում արդեն ավարտվել է այս մրցույթների առաջին փուլը, որոշ մանկապարտեզներում` նաեւ մրցույթի երկրորդ փուլը: Քաղաքապետարանի կրթության բաժինն ամփոփում է կայացած ու դեռեւս չկայացած մրցույթների արդյունքները:

Միեւնույն սննդամթերքը տարբեր մանկապարտեզներում առաքվում է եւ շարունակելու է առաքվել տարբեր գներով: Թեպետ գնային տարբերությունները այդքան մեծ չեն, այնուհանդերձ սա, այսպես թե այնպես, ազդում է մանկապարտեզի` հիմնականում վարձավճարներից գոյացող բյուջեի վրա:

Մրցույթները շահող մատակարար ձեռներեցներն ու ընկերություների թիվը չի հասնում մեկ տասնյակի. մրցույթի արդյուքներից ելնելով՝ սննդի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր են կնքվել «Թոռնիկ Գոռ» ՍՊԸ-ի, անհատ ձեռներեցներ «Գագիկ Մխիթարյան»-ի, «Թամարա Առաքելյան»-ի, «Հակոբ Սոսյան»-ի, «Ռուզաննա Սարգսյան»-ի, «Նաիրա Անտիկյան»-ի եւ այլնի հետ:

Այսպես` մանկապարտեզները հացի մեկ կգ-ի մրցույթի նախահաշվային գին ներկայացրել են 270-280 դրամ, շահել են, սակայն, 264 դրամով, հացը համայնքապատկան բոլոր մանկապարտեզները ստանում եւ մինչեւ տարեվերջ ստանալու են 264 դրամով:

Իսկ ահա մյուս սննդամթերքների գները տարբեր են: Ծիրան չեն պահանջել շատ մանկապարտեզներ, 2 մանկապարտեզ է անհրաժեշտ համարել ծիրանը, «Անուլիկ» մանկապարտեզը ծիրանի մեկ կգ-ը շահել է 425 դրամով, «Զանգակ»-ը` 500 դրամով:

Շոկոլադի համար մրցութային հայտ է ներկայացրել ու շահել «Հենզել ու Գրետել» մանկապարտեզը` 1 կգ-ը` 1200 դրամ:

Կաղամբի գինը մանկապարտեզներում տատանվում է 98-145 դրամի միջեւ, գազարը` մեկ կգ-ը` 147-217 դրամի միջեւ, կարտոֆիլը` միջին չափ, 149-160 եւ այլն:

Գնային տարբերությունները բացատրվում են տարբեր մատակարար ընկերությունների եւ մանկապարտեզների բանակցային հարաբերություններով, նաեւ տարբեր ժամանակահատվածներում նույն աապրանքատեսակների շուկայական եւ կառավարության կողմից հաստատված գների համադրմամբ:

Նույն ապրանքատեսակների գները, սակայն, ընդհանուր էին, երբ այս մրցույթները բոլոր մանկապարտեզների համար նույն ժամանակահատվածում կազմակերպում եւ անցկացնում էր Գյումրու համայնքապետարանը:

Քաղաքապետ Ս.Բալասանյանի որոշմամբ, դեռ նախորդ տարվա հուլիսին ձեւավորվել էր աշխատանքային խումբ` համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդամթերքի ձեռքբերման գրոծընթացի ուսումնասիրման նպատակով: Հանձնաժողովի նախագահ նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնեսագիտական բաժնի պետի տեղակալ Մենուա Մկրտչյանը, իսկ անդամներ` կրթության բաժնի մասնագետ Արա Մաթեւոսյանը, ավագանու անդմաներ Արամայիս Բաղրամյանը, Նարինե Մեսրոպյանը, վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Տաթեւիկ Հովհաննիսյանը, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի անդամ Արմեն Թումասյանը, հաշմանդամություն ունեցող անձնաց «Արմինե» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Արմինե Նիկողոսյանը:

Քաղաքապետարանի աշխատաակզմի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի խոսքով` հանձնաժողովը կատարում է, կարծես, արագ արձագանքման խմբի գործառույթներ: Հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են մանկապարտեզներ, վերահսկում սննդամթերքի որակը, ստուգում, թե նշված է արդյոք պիտանելիության ժամկետ, կան արդյոք հավաստագրեր, սերտիֆիկատներ, սննդամթերքը ինչ պայմաններում է պահվում եւ այլն:

-Եթե թերություն գտնում է հանձնաժավողը, ապա դիտողություն է անում տնօրենին, որ սխալը տեղում շտկի, իսկ եթե չի շտկում, արձանագրում են արագ, հանձնարարություն տալիս, եթե օգնության կարիք ունի տնօրենը, ապա համայնքապետարանն աջակցում է սխալը վերացնելու համար,-ասում է Հ. Սուլթանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս