«Վերջնական պայմանավորվածությանը ոչ մի բան չի խանգարում». Լևոն Յոլյանը՝ գազի գնի շուրջ բանակցությունների մասին
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Վերջնական պայմանավորվածությանը ոչ մի բան չի խանգարում: Աշխատանքային առողջ մթնոլորտում քննարկումներ են գնում: Երբ մեկն ինչ-որ մի բան է վաճառում, մյուս գնում է, մեկը շահագրգռված է մաքսիմալ իջեցնել, մյուսը՝ ինչ-որ չափով իր շահերը ներկայացնել: Սա շահերի բախման խնդիր է, որը քննարկվում է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե գազի համար գործող 165 դոլարը մինչև երբ է գործելու, այն նախատեսված է մինչև ապրիի 1-ը, նախարարը պատասխանեց, որ հույս ունեն՝ դրանից հետո գները նվազելու են: Անդրադառնալով հարցին՝ ի վերջո, Հայաստանի տարածքով իրանական գազը հոսելո՞ւ է դեպի Վրաստան, թե՞ ոչ, Լևոն Յոլյանը պատասխանեց.
«2015թ. դեկտեմբերին հանդիպում է եղել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Իրան՝ նույն այդ հարցերի հետ կապված: Ապրիլի 11-13-ը նախատեսվում է արդեն չորս նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում, որը վերջնականապես կճշտի: Նորից գնում են բավական ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավվելու տարածքային բոլոր խնդիրներում»,- ասաց նախարարը: