Բաժիններ՝

«Շատ կարևոր է՝ աշխարհը հասկանա, որ մենք հաղթած ազգ ենք և շնորհակալ ազգ ենք». «100 Կյանք» և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյան

«Մենք՝ հայերս, հաղթած ազգ ենք: Շատ կարևոր է՝ սա հասկանա աշխարհը, մենք՝ ինքներս, և բոլոր նրանք, ում հետ մենք խոսում ենք: Հաղթած ազգի ամենակարևոր դրսևորումներից մեկը, ըստ մեր նախաձեռնած ծրագրերի փիլիսոփայության, շնորհակալ լինելն է, և դա ակտիվ շնորհակալության տեսակ է»,- այս մասին այսօր հայտարարեց «100 Կյանք» և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության (100 LIVES/Aurora Prize for Awakening Humanity) գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը՝ «Impact Hub»-ում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում:

«Մենք հաղթած ազգ ենք, մենք շնորհակալ ազգ ենք և շնորհակալ ենք ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց օգնության ձեռքը մեկնեցին մեզ Եղեռնի դժոխային տարիներին, այլև մարդու այն տեսակին, որ այսօր նույնիսկ փրկում է մարդկային կյանքեր, որովհետև, ցավոք, մինչև օրս նման ոճիրներ ու աղետներ դեռ կատարվում են»,- ահա սա է, ըստ Արման Ջիլավյանի՝ «100 Կյանք» և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության գլխավոր նպատակը, որն արդեն ապրիլ ամսին Հայաստանում կմեկտեղի «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի չորս հավակնորդներին:

«100 Կյանք» և «Ավրորա» մրցանակի (100 LIVES/Aurora Prize for Awakening Humanity) նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի չորս հավակնորդների անունները՝ հակիրճ ինֆորմացիա հաղորդելով նրանցից յուրաքանչյուրի մասին՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

«Այս գարնանը, որպես երախտիքի նշան, Երևանում շնորհվելիք «Ավրորա» մրցանակը հանձնվում է Ցեղասպանությունը վերապրողների անունից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում և, փաստորեն, տարվա մեծ մասը, ընտրող հանձնաժողովը ներկայացված հավանական թեկնածուների բոլոր առաջարկները մանրազնին քննարկման է ենթարկել: Սրանք այն մարդիկ էին, ովքեր քաջություն և նվիրում են ցուցաբերել՝ իրենց գործողություններով հանգեցրել ազդեցիկ փոփոխությունների՝ ի դեմս տարատեսակ արհավիրքների, մարդածին և բնական աղետների: Արդյունքում՝ որոշվեց վերջնագիծ դուրս եկած չորս թեկնածուների անունները, որոնց մասին մեծ հպարտությամբ ուզում ենք ձեզ հայտարարել»,- լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց Արմինե Աֆեյանը:

Կարդացեք նաև

«Ավրորա» մրցանակի հավակնորդներից է Մարգարիտ Բարանկիցեն, ով աշխատում է Բուրունդիի «Խաղաղության Տուն« («Maison Shalom») խնամքի տանը և «REMA» հիվանդանոցում: Մ. Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարևաններին, սակայն, երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30.000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80.000 մարդ։

Director of '100 LIVES/Aurora Prize for Awakening Humanity' project Arman Jilavyan and head of project's communication Armine Afeyan gave a press conference at Impact Hub

Ամերիկացի մասնագետ Դոկտոր Թոմ Քաթինան Հարավային Սուդանի սահմանամերձ Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիև անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500.000 բնակիչների բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: «TIME» պարբերականը 2015թ. նրան ճանաչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» («BLLF») գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21.000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության և հաճախ՝ նաև դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

Հայր Բերնարդ Կինվին հոգևորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատև բռնությունների ու հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին և Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների և Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջև («Anti-balaka») քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Director of '100 LIVES/Aurora Prize for Awakening Humanity' project Arman Jilavyan and head of project's communication Armine Afeyan gave a press conference at Impact Hub

«Ավրորա» մրցանակի հավակնորդների հայտերն ընդունվել են 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսներին՝ «Ավրորա» մրցանակի կայքի միջոցով: Հավակնորդներն առաջադրվել են իրենց անձնազոհ աշխատանքի համար՝ բռնությունների դեմ պայքարից՝ մինչև կոնֆլիկտային գոտիներում մարդկանց բուժօգնություն ցուցաբերելը:

«Ավրորա» մրցանակի հավակնորդները ճանաչման կարժանան երկօրյա միջոցառումների ընթացքում՝ մասնակցելով նաև աշխարհում մարդասիրության կարևորագույն հիմնախնդիրների շուրջ քննարկումներին, որոնց մասնակցելու են միջազգային՝ «International Center for Journalists», «Not On Our Watch», «International Rescue Committee» կազմակերպությունները:

Դափնեկիրը ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև, և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1. 000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին:

«Ավրորայի» առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարի ապրիլի 24-ին, Երևանում: Ընտրող հանձնաժողովի համանախագահ, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին է առաջին մրցանակը շնորհելու դափնեկրին։ Ջորջ և Ամալ Քլունի ամուսիններն այդ օրերին կայցելեն Հայաստան, կլինեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Դիլիջանի միջազգային դպրոցում և այլ վայրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս