Երիտասարդ ծրագրավորողներն առաջարկում են առևտրի նոր ձև

Beap Media ընկերության համահիմնադիրներ Տարոն Պապիկյանն ու Տիգրան Բաղդասարյանը առևտրի նոր ձև են մտածել՝ ծառայությունները հարմարեցնելով և՛ հաճախորդին, և՛ բիզնեսին:

Երիտասարդները ստեղծել են InSales.am հարթակը: Այստեղ հաճախորդը կայքից օգտվում է անվճար: Անհրաժեշտ է կայքում ծանոթանալ ընկերության կողմից առաջարկված ակցիաներին, վերցնել անվճար կուպոններն ու այցելելով տվյալ ընկերություն՝ օգտվել զեղչերից, նվերներից և այլ ծառայություններից: Սրա դիմաց ընդամենը պետք է պատասխանել մարքետինգային երեք հարցերի:

ԱՄՆ-ում ստացած գիտելիքը կիրառեցին Հայաստանում

Մեկ տարի առաջ Տիգրան Բաղդասարյանը մեկնեց ԱՄՆ՝ աշխատելու՝ որպես ծրագրավորող։ ԱՄՆ-ից ընկերոջն առաջարկեց, որպեսզի ստացած գիտելիքները փորձեն կիրառել Հայաստանում։ Վերադառնալուց հետո սկսեցին հետազոտություններ, հանդիպումներ գործարարների հետ, շուկայական պահանջներն ուսումնասիրեցին, որպեսզի հասկանան, թե ինչ ծառայություններ են անհրաժեշտ, և, թե հասարակությունն այսօր ինչի կարիք ունի:

Կարդացեք նաև

Հասկացան՝ Հայաստանում հիմնական խնդիրն այն է, որ ցանկացած բիզնես ցանկանում է ստանալ որակյալ, անվճար ծառայություն. «Բիզնեսն ուզում է փոքր գումարով ունենալ վաճառքներ։ Ցանկանում է ստանալ որոշ հարցերի պատասխաններ և ցանկանում է իր բրենդը տարածել»,- ասում է Տարոն Պապիկյանը:
«Հաշվի ենք առել Հայաստանի տնտեսական ճգնաժամային վիճակը: Մեզ մոտ առևտուրը շատ վատ է շրջանառվում։ Ցանկացանք օգնել, որ թե՛ հաճախորդը խնայի գումար, թե՛ բիզնեսներն ավելի շատ վաճառք ապահովեն»,- հավելում է Տիգրան Բաղդասարյանը:

Դեռ չմեկնարկած՝ հաջողված նախագիծ

Այս երիտասարդները հաշվի են առնում, թե իրենց կայացրած որոշումներից որոնք են ճիշտ և որոնք՝ սխալ։ Ասում են՝ ճիշտ որոշումների քանակը գերակշռում է սխալ որոշումներին: Աշխատում են սխալ որոշումները ճիշտ ուղի բերել:

Բիզնեսների հետ աշխատանքը սկսել են փետրվարի 10-ից։ Հստակ ունեն այն ընկերությունների ցանկը, որոնք, իրենց պատկերացմամբ, կլինեն իրենց հաճախորդները:

InSales (2)

«Ցանկը կազմվել է հետազոտությունների արդյունքում։ Տեսնում ենք, թե որ բիզնեսը կցանկանա ավելի էժան տարբերակով ավելի մեծ արդյունք գրանցել, և ում համար արդյունավետ կլինի։ Կան բիզնեսներ, որ ցանկանում են մեզ հետ համագործակցել, բայց իրենց համար դա արդյունավետ չի լինի: Ի տարբերություն մյուս կայքերի՝ մեզ մոտ կուպոններն անվճար են։ Առաջին երկու օրը 100 կուպոն են վերցրել, որը սպասվածից ավելին էր, քանի որ մարդիկ դեռ կայքին ծանոթ չեն, բայց վստահություն կար։ Օգտագործվող կուպոնների քանակն օր-օրի շատանում է: Դեռ չբացված՝ InSales-ն արդարացրեց իրեն»,- ասում են մեր զրուցակիցները:

Երիտասարդները վստահեցնում են, որ մարքետինգային երեք հարցերին պատասխանելով՝ բիզնեսին կբերի որոշակի առաջընթաց: «Հարցերին պատասխանելը կրկին մարդկանց շահերից է բխում, քանի որ, ըստ պատասխանների՝ բարելավումներ են կատարվում: Նաև տրվում է հարցերի վերլուծություն, խորհուրդներ ենք գրում, որոնց համաձայն՝ բիզնեսը փոփոխություններ է անում։ Այսինքն՝ կարողանում են անմիջապես կապի դուրս գալ իրենց հաճախորդների հետ»,- մեզ հետ զրույցում նշեցին կայքի հիմնադիրները:

Տղաները հավելում են նաև. «Եթե այլ կայքերում 100 ակցիայից 70-ը՝ սպասասրահների, մոթելների առաջարկներ են, ապա մենք համագործակցում ենք նաև առօրյա օգտագործվող ընկերությունների հետ»։

Ծառայությունները հարմարեցնելով հասարակության պահանջներին՝ երիտասարդները հույս ունեն, որ ապագայում գնումները կկատարվեն միայն այս կայքի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս