«Ո՛չ Լևոն Տեր Պետրոսյանն է հեռացել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը». Զարուհի Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տարօրինակ չի համարում վերջերս ստեղծվող նոր կուսակցությունների փաստը: 168.am-ի և Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քաղաքական դաշտը պետք է վերափոխվի, և սերնդափոխության ու անվանափոխության խնդիր կա. «Այն հին անվանումների տակ և հին ծրագրերի ներքո իրենք մրցունակ չեն, հետևաբար՝ նորերը պետք է ի հայտ գան, և դա բնական է»:
168.am-ի հարցին՝ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի, հնարավոր համարո՞ւմ է այդ դեպքերի բացահայտումը, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Եթե մենք փոխենք համակարգը, իհարկե, բացահայտումը տեղի կունենա: Բացահայտումը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ-ում նաև գործելո՞ւ են իրավապահ մարմինները և դատական համակարգը, եթե չեն գործելու, ապա բացահայտում տեղի չի ունենա: Իսկ այս պահի դրությամբ՝ դատական համակարգը ՀՀ-ում չի գործում: Եթե մենք ունենալու ենք ժողովրդավար քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունների ճյուղերն իրարից տարանջատված են, ապա, իհարկե, բացահայտում տեղի կունենա, որ մեկը մյուսին հավասարակշռի, զսպի, և մեկը մյուսից անկախ լինի: Իսկ այսօր մենք ունենք այն, որ բոլորը կուտակված է մեկ անձի ձեռքում, այդ մեկ անձը չի պատրաստվում հեռանալ, այդ մեկ անձը նաև Ընտրական օրենսգրքի նախագծով հայտնում է, որ ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլև՝ ավելին, ամեն ինչ անելու է, որ հանկարծ որևիցե մեկը հնարավորություն չունենա մուտք գործել այդ տարածք, այս ամենը հայտարարվել է հիմա մենք դրա ականատեսն ենք»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ խնդիրը համակարգային է, ու համակարգը պետք է փոխվի, որևէ կուսակցություն դա առանձին անել չի կարող, պատգամավորը պատասխանեց. «Կուսակցությունն ինքն անջատ չէ համակարգից, իսկ եթե կուսակցությունն այդ համակարգի մի մասն է, դա ավելի վտանգավոր է. այն, ինչ որ մենք ունեցել ենք»:
Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին, նա ասաց, որ արդեն բազմիցս նշել է՝ այս 25 տարիների ընթացքում այդ 3 անձինք էլ իրենց մեղքի հսկայական բաժինն ունեն. «Մենք երազել ենք պետություն ունենալ, և 1918թ. երբ հռչակվեց մեր Առաջին Հանրապետությունը, մենք պատրաստ չէինք դրան: Հետո բոլշևիկները եկան՝ գրավեցին: Երրորդ Հանրապետության հռչակմանը ևս անպատրաստ էինք, ինչը հանգեցրեց այսօրվա վիճակին: Բայց դրա հետ մեկտեղ՝ այդ անպատրաստվածությունը դեռ չի արդարացնում այդ անձանց վարքագիծը (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան), որն իրենք դրսևորել են: Այսօրվա համակարգը ծնվել է 1995թ., իսկ 1996թ. արդեն հռչակվել է այս համակարգը: Այդ հռչակումը տեղի է ունեցել 1996թ. Անվտանգության խորհրդի նիստում, երբ բոլորը հավաքվել էին, այդտեղ ներկա էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ իր ուղերձով՝ Արցախից: Այդ ժամանակ տեղի ունեցած այդ հռչակումը, որ՝ «ո՛չ, ինչ ուզում է՝ լինի, ով ուզում է՝ հաղթի, մենք չենք գնալու», մինչև օրս շարունակվում է: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է հեռացել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, իրենք այսօր էլ գործում են, և այսօր էլ գործում են ոչ դրական իմաստով, այլ բացասական, ու վնաս են պատճառում հայ ժողովրդին»:
Զ. Փոստանջյանի կարծիքով՝ նոր համակարգում նրանք չպետք է տեղ ունենան. «Նրանց բոլորին պետք է մենք դատապարտենք: Այս համակարգի հեղինակն ու հիմնադիրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրա զավակներն են, նրանք իրարից տարանջատված չեն»: