Շարմազանովն արձագանքել է Ռասիզադեի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ձգձգվում է բացառապես Ադրբեջանի ապակառուցողական, որոշ դեպքերում նաև հանցագործ քաղաքականության արդյունքում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության կարգավորումը ձգձգվում է Հայաստանի պատճառով:

«Ադրբեջանն է, որ հրաժարվել է հանել դիպուկահարներին, Ադրբեջանն է, որ դեռևս չի ընդունում երեք հայտնի սկզբունքներից երկուսը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորումը: Եվ Ադրբեջանն է, որ մշտապես ցանկանում է Թուրքիայի խաղի մեջ մտցնել՝ ձևափոխելով Մինսկի խմբի համանախագահությունը»,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կողմնակից են բացառապես խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա: «Եվ այս գործընթացի ու տարածաշրջանում ապակայունություն քարոզողը նախևառաջ Ադրբեջանի Հանրապետությունն է: Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա դե յուրե ճանաչումն այլընտրանք չունի, սա փաստ է ու ժամանակի հարց է»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս