
«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ԼՂ հարցում». Էրդողան

Նրանք, ովքեր ահաբեկչությունն օգտագործում են որպես Թուրքիայի վրա ազդելու միջոց, չեն կարող ստիպել Թուրքիային ծնկի իջնել, նրանք իրենք ծնկի կիջնեն: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին այսօր Անկարայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա ասել է, որ բարեկամ ու եղբայրական երկրների օգնությամբ Թուրքիան իր հետևում կթողնի այդ խնդիրները: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանցի ժողովրդին՝ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք աջակցել ու աջակցելու ենք Ադրբեջանին»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն ասել է, որ նիստում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, պաշտպանական արդյունաբերության ու ռազմական համագործակցության հարցեր:
Էրդողանը կարևորել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների շարունակականությունը, նշել, որ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստերը հերթականությամբ կանցկացվեն Թուրքիայում ու Ադրբեջանում։
«Հետագայում մեր շփումները կշարունակվեն։ Ստամբուլում անցկացվելու է Իսլամական համագործակցության կազմակերպության նիստը, որտեղ մենք նորից կհանդիպենք։ Ապրիլի 25-26-ին միջմշակութային երկխոսության միջոցառմանը մասնակցելու նպատակով ես կգտնվեմ Բաքվում։ Մենք նաև կհանդիպենք Վաշինգտոնում՝ միջուկային գագաթնաժողովին»,- հայտարարել է Էրդողանը: