«Փոխանակ ծանրորդին հետ կանչելու, լռում են». Նաիրա Զոհրաբյանը` Յուրի Վարդանյանի մասին
«Վերջերս սոցիալական ցանցը ուղակի ցնցեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ծանրորդ Յուրի Վարդանյանի մտքի հերթական գոհարները՝ այս անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ մեր դեսպանը Ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ զավեշտալի, բայց դա միակ մտքի գոհարը չէր, ինչպես իր մամուլի խոսնական է փորձում ներկայացնել որպես վրիպակ:
Այնուհետև, իր մտքի գոհարները փորձելով սփռել ներկաների առջև, դեսպանը փորձեց անդրադառնալ արտագաղթի թեմային և, որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, խորհուրդ տվեց ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ»,- այսօր Աժ նիստում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, Վարդանյանի խոհափիլիսոփայական մտքերից հաջորդ գոհարն էր՝ Ցեղասպանության «200-ամյակը մենք կնշենք շատ ավելի բարձր մակարդակով», այն է, երևի թե «կտոնենք շատ ավելի բարձր մակարդակով»: Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ այս ամենից լրջագույն հետևություններ չարվեցին, ԱԳՆ-ն լռում է, իսկ լռությունը ևս պատասխան է: Սակայն, ըստ նրա, չի կարելի լռել, երբ մի դեսպանն իր հավատարմագիրը նոտարում է վավերացնում, մեկ ուրիշը՝ ընդհանրապես գնում է և նրա անձի հետ կապված սկանդալային տեղեկատվություն է ստացվում, որ զբաղվում է բիզնեսով:
«Սա աղաղակող փաստ է, և փոխանակ ծանրորդին հետ կանչելու, լռում են, իսկ լռությունն ուղղակիորեն խրախուսում է, որ միջազգային հարթակներում Հայաստանը լուրջ չընկալվի: Պետք է լրջագույն հետևություններ անել, քանի որ դիվանագիտական կորպուսում վերջին շրջանում շատ են նման զավեշտալի դեպքերը»,- ասաց Ն.Զոհրաբյանը: