
Պոլ Մաքքարթնին համերգ է ունենալու Մադրիդում

The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մաքքարթնին հունիսի 2-ին համերգով հանդես է գալու Իսպանիայի մայրաքաղաքում: Այդ մասին տեղեկացնում է համերգի կազմակերպիչ Live Nation ընկերությունը:
Համերգը տեղի կունենա Մադրիդի ամենակենտրոնում՝ «Վիսենտե Կալդերոն» ֆուտբոլի մարզադաշտում, որի տարողությունը կազմում է գրեթե 55 000 մարդ: Նշվում է, որ իր համերգի ընթացքում Մաքքարթնին կկատարի The Beatles-ի, ինչպես նաեւ Wings խմբի ամենահայտնի հիթերը, խումբ, որը նա հիմնել է 1971 թվականին՝ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» կազմալուծումից հետո, եւ որը գոյություն է ունեցել մինչեւ 1981 թվականը: Այնուամենայնիվ, ելույթի հիմնական մասը բացկացած կլինի հենց The Beatles-ի կոմպոզիցիաներից:
73-ամյա Մաքքարթնիի ելույթն Իսպանիայի մայրաքաղաքում կկայանա Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներ «Դեմ առ դեմ» խորագրով շրջագայության շրջանակներում:
Վերջին անգամ նախկին բիթլը պիրենեյան թագավորությունում համերգ է տվել 2004 թվականի մայիսի 30-ին: Այն ժամանակ Մադրիդի մարզադաշտերից մեկում երաժիշտին լսելու էր եկել ավելի քան 20 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: