Ասադը պարգևատրել է ռուս օդաչուներին
Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ռուս զինծառայողները պարգևներ են ստացել Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբի ձեռքից, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
«Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետը պարգևներ է հանձնել ռուս զինծառայողներին, իսկ մեր զինվորականները պարգևներ են հանձնել սիրիացի զինվորականներին»,- հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Պարգևատրումը կայացել է հանդիսավոր արարողության ժամանակ, որը կապված է Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման մի մասի դուրսբերման հետ: Արարողությանը մասնակցել են ռուս օդաչուներն ու սիրիական այն ստորաբաժանումների զինվորականները, որոնք պահպանում են «Խմեյմիմ» օդանավակայանը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 15-ից Սիրիայում գտնվող ռուսական հիմնական ուժերը դուրս են բերվելու երկրից, քանի որ ՌԴ պաշտպանության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են:
Ընդ որում՝ Սիրիայում ռուս զինվորականների՝ Տարտուսում տեղակայված ծովային ու «Խմեյմիմ» օդանավակայանում՝ ավիացիոն կետերը, ըստ Պուտինի, «կգործեն նախկինի պես»:
Փորձագետների կարծիքով՝ որոշումը նախապես համաձայնեցվել է Դամասկոսի ու Վաշինգտոնի հետ: