Բաժիններ՝

Գագիկ Ջհանգիրյանը` ԵՏՄ-ից ներկրված մեքենաներից գանձված ԱԱՀ-ի մասին. «2015թ. գանձել են, կերել են, ծախսել են, բյուջեն փող չկա, ոչ ոք հետ չի տա»

Այսօր ԱԺ նիստում ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը վերացնող օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ քանի որ բյուջեում փող չկա, անցած մեկ տարում՝ որպես ԱԱՀ, ապօրինի գանձված 1.7 մլրդ դրամը պետք է ձևակերպվի՝ որպես պետական պարտք, և մարվի առաջիկա տարիներին: Այլապես, ըստ նրա, դա մշտապես մնալու է հարց:

«Դրա հետ կապված մեր առաջարկն այդպիսին է, որ պետք է ձևակերպվի և փոխհատուցվի մարդկանց գոնե պետական արժեթղթերով»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա նշեց, որ օրինագիծը կիսատ-պռատ է, բայց կողմ կքվեարկի, որպեսզի առաջ գնան, և ապօրինությանը վերջ տրվի:

Օրենքում ԵՏՄ-ից բերվող ապրանքների քանակական սահմանափակման բացակայության վերաբերյալ Հ.Բագրատյանը նշեց, որ, եթե չի դրվել քանակային սահմանափակում, նշանակում է՝ կարող են բերել մի քանի ավտոմեքենա, և ոչ թե՝ միայն մեկը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, քանի որ միջազգային պայմանագիր է, քաղաքացիները կարող էին դիմել դատարան և ետ ստանալ իրենց գումարները: Ըստ նրա` Սահմանադրությունն ունի նորմ, որը սահմանում է, որ քաղաքացու իրավիճակը բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի:

«Դե պարզ է, 2015թ.-ին գանձել են, կերել են, ծախսել են, բյուջեն փող չկա, ոչ ոք հետ չի տա»,- նկատեց Գ. Ջհանգիրյանը:

Ըստ Գ. Ջհանգիրյանի՝ կարևոր է պարզել, թե արդյոք միայն մեքենաների՞ խնդրում է, որ հարկային և մաքսային ոլորտում նման խնդիրներ կան, և առաջարկեց, որ տնտեսական հանձնաժողովն ուսումնասիրի մյուս ոլորտները. «Չի կարող միջազգային նորմով սահմանված դրույթը չգործել և մեր օրենքը գործել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը շարունակեց նախորդ ելույթ ունեցողների միտքը, որ սա ուշացած, բայց անհրաժեշտ նախաձեռնություն է, միտված է ԵՏՄ տնտեսական բովանդակությունը մեր տնտեսության մեջ ներդնելուն: Նա ևս կարևորեց, որ քանակական սահմանափակումը վերանայվի:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ԱԱՀ գանձումն ուներ ժամանակավոր բնույթ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումից հետո տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, և, եթե չհարկեին ֆիզիկական անձանց մեքենաների ներկրումը, ապա անհավասար պայմաններ կստեղծեին իրավաբանական անձանց համար: Ըստ նրա` ժամանակ էր պետք, որպեսզի բանակցեին ԵՏՄ կառույցների հետ, որ առանձնահատուկ մոտեցումներ սահմանվեր ՀՀ-ից ԱԱՀ գանձնման սկզբունքների առումով, ինչը հնարավորություն կտար ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափը հավասար կիրառել: Նա պատրաստակամություն հայտնեց քննարկել քանակական սահմանափակումների հարցը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հորդորեց «ժամանակավորապես ընդդիմություն խաղացող» գործընկերներին՝ չզարթնել և ելույթներ չունենալ, քանի որ հենց իրենք ժամանակին կողմ են քվեարկել այդ կարգավորումներին, և ոչ ոք այն ժամանակ այս խնդիրները չի բարձրացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս