ԱՄՆ-ում այսօր «սուպերերեքշաբթի» է. համառ պայքար Ֆլորիդայի համար
ԱՄՆ-ում այսօր նոր «սուպերերեքշաբթի» է՝ փրայմերիզի օր, որտեղ կուսակցությունների թեկնածուները կորոշվեն միանգամից մի քանի նահանգներում: Այսօր 5 նահանգների գլխավոր մրցանակը Ֆլորիդան է, հայտնում է Euronews-ը:
Այստեղ պայքարը կծավալվի Կուբայից ժամանած իսպանալեզու բնակիչների ձայների համար: Նրանցից շատերը կտրականապես դեմ են հանդես գալիս հանրապետական Դոնալդ Թրամփին, ով հայտնի է ներգաղթյալների հասցեին իր կտրուկ արտահայտություններով: Սակայն, չնայած դրան, կանխատեսումները վկայում են, որ հանրապետականների ֆլորիդյան փրայմերիզում հաղթող կճանաչվի հենց Թրամփը:
Հանրապետական Դոնալդ Թրամփի դիրքերը չի կարողացել սասանել անգամ Օհայոյում միտինգի ժամանակ ծագած սկանդալը: Միլիարդատերը վստահ է իր գերազանցության մեջ այնքան, որ դա արտահայտվում է նրա հասարակ կարգախոսներում: «Ես անհամեմատ լավն եմ իմ մրցակիցներից, ես դա ձեզ հաստատ եմ ասում: Ու ես Հիլարիից ավելի լավն եմ: Հիլարին լավ մարդ չէ»,- հայտարարել է Թրամփը:
Ըստ վերլուծաբանների՝ Թրամփի միակ ռեալ մրցակիցը մնում է հանրապետական սենատոր Թեդ Կրուզը, սակայն նրա էլեկտորատը հիմնականում ԱՄՆ-ի հարավային մասերում է տեղակայված այն դեպքում, երբ երեքշաբթի քվեարկելու են միջին արևմուտքի նահանգներն ու Ֆլորիդան: Այդ նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն զիջում է Թրամփին հայտնիությամբ անգամ իր նահանգում, այնպես որ դիտորդները խոսում են Ռուբիոյի ընտրարշավի ավարտի մասին:
Իսկ դեմոկրատների ճամբարից հաղթանակը, ինչպես և կանխատեսվում է, կտրվի Հիլարի Քլինթոնին: Հույս ունենալով կուսակիցների նկատմամբ հաղթանակի հասնելու հարցում՝ նա արդեն բանավիճում է Թրամփի հետ: «Նախագահ դառնալու համար բավարար չէ մարդկանց ասել, թե ինչի դեմ ես հանդես գալիս, բավարար չէ միայն մեղադրել, որոնել մեղավորի ու մատնացույց անել: Մեր երկիրն ապրում է հույսով, որ սա հնարավորությունների երկիր է, մենք ապագան ավելի լավն ենք դարձնում, քան ներկան ու անցյալը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը:
Դեմոկրատների «երկրորդ համար» Բեռնի Սանդերսը այդ ֆոնին դեռ հույս ունի պայքարել Քլինթոնի դեմ Օհայո, Իլլինոյս ու Միսսուրի նահանգներում այն դեպքում, երբ Ֆլորիդայում ու Հյուսիսային Կարոլինայում նա քիչ շանսեր ունի հաղթելու: