Բաժիններ՝

Մարտական հերթապահության ժամանակ սպանված զինվորի իրավահաջորդը սպանության մեջ մեղադրվողի համար ավելի խիստ պատիժ է պահանջում

2014թ. մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի մահվան գործով դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Քրեական գործի շրջանակներում Վլադիմիր Հայրապետյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նրա ծառայակցին՝ Սիմոն Մկրտչյանին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Սիմոն Մկրտչյանը մեղավոր էր ճանաչել և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:

Դատավճիռը տուժողի իրավահաջորդի կողմից բողոքարկվել է՝ պահանջելով ամբաստանյալի նկատմամբ արդարացի, ավելի խիստ պատիժ:

Նշենք, որ 2014թ. օգոստոսի 28-ին ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ, կատարվել նախաքննություն:

Շարքային զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում, շարքային Վլադիմիր Հայրապետյանի հետ մարտական հենակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, եսամոլությամբ, իր անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ և ինքնահաստատվելու շարժառիթներով, նույն դիտակետի դաշտային կապով գետնատնակից ժամը հարցնելու վերաբերյալ Վլադիմիր Հայրապետյանի խնդրանքը չկատարելու և այդ կապակցությամբ վերջինիս կողմից արված դիտողության աննշան առիթն օգտագործելով, այն է` խուլիգանական դրդումներով, այսինքն, արհամարհելով օրենքների, բարոյականության, հասարակության, վարքի և մարդկանց միջև փոխհարաբերությունների հանրորեն ընդունված նորմերն ու մարդային կյանքը, ինչպես նաև գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետևանքով արձակված կրակոցով շարքային Վլադիմիր Հայրապետյանին սպանելու անխուսափելիությունը, հանկարծակի ծագած ուղղակի դիտավորությամբ լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը` այն բերել մարտական վիճակի, ապա աջ ցուցամատը պահելով ձգանի և օղի միջև ընկած հատվածում, զենքի փողը շուրջ 1.5 մետր հեռավորությունից ուղղել է Վլադիմիր Հայրապետյանի ճակատին և դրսևորելով ցինիզմ, հայտարարել է, թե արդյո՞ք Վլադիմիր Հայրապետյանը կասկածում է, որ կկրակի, որին վերջինս պատասխանել է, որ նրանից ամեն ինչ սպասելի է, ինչին զուգահեռ՝ Վլադիմիր Հայրապետյանը սկսել է ձեռնարկել ակտիվ գործողություններ` զենքի փողի ուղղությունը շեղելու նպատակով, սակայն ծագած դիտավորությունը տրամաբանական ավարտին հասցնելու մոլուցքով հաղթահարել է վերջինիս դիմադրությունը` սեղմել ինքնաձիգի ձգանը, որի արդյունքում էլ արձակված կրակոցից գլխի ճակատային շրջանում հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք է հասցրել Վլադիմիր Հայրապետյանին և ապօրինաբար նրան զրկել կյանքից:
Սիմոն Մկրտչյանը 2014 թ. օգոստոսի 29-ին ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 1-ին՝ կալանավորվել:

Առաջադրված մեղադրանքում Սիմոն Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը` հերթապահության ժամանակ, դիտակետում կատակում էր համածառայակից Վլադիմիր Հայրապետյանի հետ: Գնացել է հենակետ` դաշտային կապով զեկուցել ծառայության վիճակը, և վերադարձել ու շարունակել կատակելը: Չի կարող ասել, թե ինչպես է ինքնաձիգի ապահովիչը հանել և փողը պահել նրա ուղղությամբ: Այդ պահին Վլադիմիր Հայրապետյանը բռնել է փողը, քաշել դեպի իրեն, որի հետևանքով կրակոց է արձակվել:

Դրանից հետո ինքը գտնվել է շոկի մեջ: Նշել է, որ Վլադիմիր Հայրապետյանի վրա չի կրակել, ինքնաձիգի ձգանը չի սեղմել, և, որ, եթե վերջինս չքաշեր փողը, ապա կրակոց չէր արձակվի: Նշել է նաև, որ Վլադիմիր Հայրապետյանի հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ, նրան սպանելու պատճառ ու դիտավորություն չի ունեցել, և իրեն առաջադրված մեղադրանքն աբսուրդ է, խուլիգանական դրդումների մասին խոսք լինել չի կարող, իսկ նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ ու ոչ բազմակողմանի:
Ի դեպ, վկաներից մեկն իր ցուցմունքում հայտնել է, որ գտնվում էր գետնատնակի մոտ, երբ կրակոցի ձայն է լսել:

Անմիջապես կապավորը զանգահարել է դիտակետ, սակայն զանգին չեն պատասխանել: Բարձրացել է դիտակետ և տեսել, որ Վլադիմիր Հայրապետյանն ընկած է խրամուղու մոտ: Սիմոն Հայրապետյանը կանգնած էր նրա մոտ: Վերջինս ասել է, որ՝ «հորս արև, իրեն խփեց»:

Իսկ մի քանիսը նշել են, որ կապավորը դաշտային կապով զանգահարել է դիտակետ, որտեղ հերթապահում էին Սիմոն Մկրտչյանը և Վլադիմիր Հայրապետյանը: Երեք անգամ զանգահարելուց հետո, Սիմոն Մկրտչյանը վերցրել է հեռախոսը և ասել, որ Վլադիմիր Հայրապետյանը «զենքի հետ խաղալիս՝ ինքն իրեն խփել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս