
ՄԱԿ-ն ու սիրիական ընդդիմությունը ողջունում են Սիրիայից ռուսական ռազմատիեզերական ուժերի դուրսբերումը

ՄԱԿ-ն ու Սիրիայի ընդդիմությունը ողջունում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայից ռուսական ռազմատիեզերական ուժերի դուրսբերման որոշումը, հայտնում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահը հայտարարել է, որ հիմնական նպատակները, որոնք իր առաջ դրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում, իրականացրել է:
Ընդ որում՝ «Խմեյմիմ» ավիաբազան ու ռազմածովային ուժերի տեղակայման «Տարտուս» նավահանգիստը կշարունակեն գործել: Այնտեղ մնացած զինվորականների վրա խնդիր կդրվի հետևել կրակի դադարեցման ռեժիմի հսկողությանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՌԴ նախագահի որոշումը «դրական քայլ» է համարել: ՄԱԿ-ի ԱԽ նախագահ Իսմայիլ Գասպար Մարտինսը հայտարարել է «քաղաքական կարգավորման անցման նոր միտումի» մասին:
«Երբ սկսվի զորքերի դուրսբերումը, դա կնշանակի, որ պատերազմը հետ է քաշվում ու դա լավ է: Դա հնարավոր է դարձել շնորհիվ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լավ համագործակցության»,- հայտարարել է նա:
Այդ որոշումը կյանքի կոչելուն է սպասում նաև Սիրիայի ընդդիմությունը: Սիրիայի բանակցությունների բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ ռուսական ավիախմբի դուրսբերումը Սիրիայից նոր խթան կտա Ժնևում ներկայում ընթացող ֆորումին: