Բաժիններ՝

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Սարի-Թաղում տեղի ունեցած միջադեպից

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է:

Նույն օրը հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 դպրոցի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 1999 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սամվել Գ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Լևոն Բ.-ն՝ «գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Ժորա Ա.-ն՝ «ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք» ախտորոշմամբ:

Նույն օրը, ժամը 22.10-ին, Արմեն Բաղդասարյանը հիվանդանում մահացել էր:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 1-ին, Նոր Նորքի բաժին են ներկայացել եղբայրներ` 1990 թ. ծնված Դավիթ Պ.-ն և 1991 թ. ծնված Նարեկ Պ-ն, ովքեր հայտարարել են, որ վիճաբանության ժամանակ նշված հանցագործությունը կատարել է Դավիթ Պ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դավիթ և Նարեկ Պ.-երը նախապատրաստված նյութերի հետ միասին ուղարկվել են Էրեբունի քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է:

Լուսանկարը և տեսանյութը`  Գագիկ Շամշյանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս