
Պուտինը Սիրիայում գտնվող ռուսական ուժերը դուրս է բերում երկրից. ռուս զինվորականներն սկսել են տունդարձի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է տվել Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հիմնական մասի վերատեղաբաշխման մասին, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ռուս զինծառայողներն սկսել են ինքնաթիռները նախապատրաստել Ռուսաստան վերադարձին:
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից, սիրիական ավիաբազայից ռուսական ինքնաթիռները կվերադառնան հայրենիք օդային էշելոններով՝ ռազմատրանսպորտային ավիացիայի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 15-ից Սիրիայում գտնվող ռուսական հիմնական ուժերը դուրս են բերվելու երկրից, քանի որ ՌԴ պաշտպանության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են:
Ընդ որում՝ Սիրիայում ռուս զինվորականների կետերը՝ Տարտուսում՝ ծովային ու «Խմեյմիմ» օդանավակայանում՝ ավիացիոն, ըստ Պուտինի, «կգործեն նախկինի պես»:
Մինչ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը կայացնելը Պուտինը այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ:
Փորձագետների կարծիքով՝ որոշումը նախապես համաձայնեցվել է Դամասկոսի ու Վաշինգտոնի հետ: