«Վարդան Օսկանյանը սուտ է ասում». Անդրանիկ Քոչարյան
«Վարդան Օսկանյանը սուտ է ասում, նա իր գործողություններով ապացուցել է, որ Մարտի 1-ի հետ կապված ինքը որևէ դրական գործողություն չի արել, ես չեմ հավատում նրան»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի:
Ա. Քոչարյանը Վ. Օսկանյանի այս քայլը համարում է պոպուլիստական քայլ: Ըստ նրա՝ Վ. Օսկանյանը փորձում է ձերբազատվել Մարտի 1-ի դեպքերի հետ ունեցած իր հնարավոր առնչություններից: «Այնպես որ, եթե Վարդան Օսկանյանը նման բան է ասում, ես իր ասածներին չեմ հավատում: Ինքը դա պետք է գործով ապացուցի, լիքը փաստեր ինքը գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները»,- նշեց մեր զրուցակիցը:
Մեր ճշտող հարցին` այսինքն՝ ինքն էլ հավասար կերպով կիսո՞ւմ է Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Իր մասով, որովհետև որպես Արտաքին գործերի նախարար՝ ինքն ինչքան տեղեկատվություն էր ներկայացնում թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը, տարբեր երկրների դեսպաններին պահելով ապակողմնորոշված վիճակում, իսկ արդյունքում այն, ինչ եղավ, ինքն էլ պետք է պատասխանատվությունը կրի»:
Նշենք, որ Վ. Օսկանյանը նաև ասում է, որ ինքը փորձել է կանխել իրադարձությունները. «Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»:
Ա. Քոչարյանն այս առնչությամբ ասաց, որ Վ. Օսկանյանի բոլոր ելույթներն ամբողջությամբ տեղադրված են համացանցում, ուստի կոչ արեց տեսնել՝ որտեղ են նրա այդ կոչերը. «Ի՞նչ կոչերի մասին է խոսքը, իր գործողություններով ինքը չի նպաստել Մարտի 1-ի բախումը կանխելու ուղղությամբ, ինքը կարող էր՝ որպես Արտաքին գործերի նախարար, նպաստել, որպեսզի իրոք բախում տեղի չունենար, բայց ինքը որևէ քայլ չի արել այդ ուղղությամբ: Ինքը, Տիգրան Թորոսյանը, ներքին գործերի նախարարը, բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ի պաշտոնե կիսում են պատասխանատվությունը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին»:
Ա. Քոչարյանի խոսքով՝ ամեն ինչ իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի կամքը սպասարկելու համար, և դա եղել է Սահմանադրությանը և օրենքներին դեմ: «Այնպես որ, Օսկանյանը թող հանրությանը չփորձի խաբել: Ես չեմ հավատում նրա որևէ ասածին Մարտի 1-ի վերաբերյալ, եթե բան ունի ասելու, այ, շատ լավ կլինի՝ գնա ՀՀ Դատախազի մոտ և ներկայացնի այն հանգամանքները, որոնք դեռ ոչ ոք չի կարողացել բացահայտի, ընդհանրապես ինչ հարցեր են քննարկվել, որի արդյունքում եղավ Մարտի 1-ը, Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ի՞նչ հանձնարարություններ է տվել Վարդան Օսկանյանին, որը անորոշության մեջ էր պահում միջազգային հանրությանը»: