Refugees Deeply. ամերիկահայ լրագրողի կողմից ստեղծած News Deeply-ն նոր հարթակ կթողարկի
Հայաստանում 2015 թվականից գործում է ամերիկահայ լրագրող Լարա Սեթրակյանի հիմնած News Deeply միջազգային լրատվական հարթակի հայաստանյան գրասենյակը: News Deeply-ին հարթակ է, որի հիմնական նպատակն ինֆորմացիոն բացերը լրացնելն ու ապատեղեկատվության տոկոսը նվազեցնելն է: Փորձառու լրագրող Լարա Սեթրակյանը 2011թ. «Արաբական գարնան» իրադարձությունները լուսաբանելիս նկատում է, որ մեդիան նույն ժամանակում տարբեր իրադարձությունները լուսաբանելու խնդիր ունի: Հենց այդ ժամանակ առաջանում է միտքը՝ ստեղծել մի հարթակ, որտեղ ոլորտի փորձառու մասնագետները կխոսեն իրավիճակի մասին, նորությունները կմեկնաբանեն տարբեր կողմերից, ինտերակտիվ շփում կապահովեն լսարանի և փորձագետների միջև:
News Deeply-ի խնդիրը գլոբալ իրադարձությունների լուսաբանումն է, նորություններ, որոնցով հետաքրքրված է ողջ աշխարհը: 168.am-ի հետ զրույցում News Deeply-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արփինե Գրիգորյանը նշեց, որ միայն մի դեպք է եղել, երբ Water Deeply-ն անդրադարձել է լոկալ խնդրի: Խոսքը Կալիֆոռնիային սպառնացող երաշտի մասին էր, երբ ստեղծվեց Water Deeply հարթակը:
Գուցե հետագայում ևս ստեղծվեն լոկալ հարթակներ, բայց դրանք թիմի առաջնային խնդիրը չեն: Արփինե Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք կստեղծվի՞ հարթակ հայաստանյան արտաքին կամ ներքին խնդիրների մասին:
– Հայաստանյան խնդիրներին չենք անդրադառնալու, քանի որ հիմա աշխատանքի այլ սկզբունք ունենք: Հաշվի առնելով, թե աշխարհում որքան տեղեկատվության բաց կա, որոնք են ամենահետաքրքիր ու քննարկվող թեմաները, մենք անդրադառնում ենք գլոբալ թեմաներին:
News Deeply-ն արդեն ստեղծել է իր 5 հարթակները: Առաջինը Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մասին էր և կոչվում էր Syria Deeply: Առհասարակ, կա նպատակ 100 և ավելի հարթակներ ներկայացնել՝ լուսաբանելով աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող գլոբալ իրադարձությունները: Մոտ օրերս կթողարկվի նոր հարթակ՝ Refugees Deeply, որը կպատմի ամբողջ աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ փախստականների թվի աճի մասին: Հարթակում հանդես կգան փորձագետներ, ովքեր կխոսեն այս խնդրի մասին, կներկայացվեն պատմություններ, որտեղ հենց փախստականները կպատմեն միգրանտ լինելու դժվարությունների մասին: Նախագծի հեղինակները ցանկանում են ստեղծել մի հարթակ ևս, որը ցույց կտա, թե ինչի միջով են անցնում փախստականները և ինչպիսի խնդիրների են բախվում:
Հարթակներում տեղեկատվությունը մատուցվում է և քննարկումներն իրականացվում են անգլերենով, բայց, օրինակ, Syria Deeply-ին թողարկվեց նաև արաբերենով: Եվ քանի որ նախագիծը ստեղծված է միջազգային շուկայի մասին, նրանով հետաքրքրվում են ողջ աշխարհում, լեզուների հարցում նույնպես չի լինում լոկալ վերաբերմունք:
NewsDeeply-ն չի սահմանափակվում միայն խորը տեղեկատվություն տրամադրելով: Հարթակներում շատ կարևոր է նաև ընթերցողի և մասնագետների ինտերակտիվ շփումը: Սա ապահովելու համար կազմակերպվում են վիրտուալ կլոր սեղաններ, մարքետինգային արշավներ: Ընթերցողները կարող են քննարկումներ կազմակերպել սոցիալական ցանցերում պաշտոնական էջերի միջոցով:
News Deeply-ն արդեն իրականացրել է մի շարք միջոցառումներ, օրինակ՝ սիրիացի լրագրողների համար կազմակերպած կոնֆերանսը Բեռլինում և պրակտիկ շրջանի խնդիրներին նվիրված կոնֆերանսը Սինգապուրում:
News Deeply-ն նորություն է լրագրության մեջ: Այն արժանացել է մի շարք հեղինակավոր անձանց գնահատականին: Սիրիայում Ամերիկայի նախկին դեսպանը նշել է, որ Սիրիայի հետ կապված ցանկացած նորություն ստուգում է Syria Deeply-ում:
News Deeply-ի հեղինակները նշում են, որ իրենց նպատակն է՝ բավարարել ինֆորմացիա ստանալու՝ ընթերցողների պահանջները, և փորձել առաջարկել լուծումներ գլոբալ խնդիրների համար:
Նշենք, որ News Deeply-ն դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթող:
Սիրարփի Աղաբաբյան