«Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը». Հովիկ Աբրահամյանը՝ համայնքների կին ղեկավարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին: Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»  ՀԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ:

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում: Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը, կանանց դերի հետևողական բարձրացումը: «Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը, մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզերում առկա խնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող ու իրականացվող աշխատանքներին, ՏԻՄ-երում կանանց դերի մեծացմանը և այլն: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տարածքային համաչափ զարգացումը և նշել, որ այդ նպատակով գործադիրն իրականացնում է հետևողական քայլեր, բազմաթիվ ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձելով լուծել մարզերում առկա տարբեր խնդիրներ:

TIM kanayq7 TIM kanayq6 TIM kanayq5 TIM kanayq4 TIM kanayq3 TIM kanayq2

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության, շնորհավորանքների, իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու և անկեղծ զրույցի համար:

Կողմերը պայմանավորվել են նման հանդիպումները դարձնել շարունակական:

 

Տեսանյութեր

Լրահոս