Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով 2015 թ. կատարված աշխատանքներին, նշել է, որ ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրով նախատեսված 13 միջոցառումը և 2 գերակա խնդիրը կատարվել են: Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության արտադրության ծավալի աճը նպաստել է երկրի տնտեսական ակտիվության մեջ գյուղատնտեսության ոլորտի մասնակցության ավելացմանը. ՀՀ ԱՎԾ տվյալով՝ 2015 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1 տրլ 2 մլրդ ՀՀ դրամ, որը 11.7 տոկոսով գերազանցում է 2014 թ. ցուցանիշը: Բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը՝ կազմելով 78.8 տոկոս:
ՀՀ կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով՝ 14 տոկոսով վարկեր, որոնց 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է. 2015 թ. տրամադրված վարկերի գումարը կազմել է շուրջ 15.2 մլրդ ՀՀ դրամ: Գյուղմթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 43.5 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 27.6 տոկոսով, 20.6 հազ. տոննա պտուղ՝ 2014 թ. 48.3 տոկոսով ավելի: 2015 թ. հանրապետությունից արտահանվել է 76.7 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 34.4 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, որից` 21.3 հազ. տոննա ծիրան:
2015 թ. մշակվել և Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը: Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվել 22 գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը: Հաշվետու տարում ըստ ուղղությունների իրականացված աշխատանքների արդյունքում ավելացել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները, արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության որոշակի աճ: Շարունակվել են բուսաբուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի, հացահատիկային տնտեսության զարգացման, գյուղատնտեսության ռեսուրսների մատչելիության բարձրացման պետական աջակցության ծրագրերը: Իրականացվել են անասնապահության, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման միջոցառումներ, կատարվել են գիտահետազոտական և խորհրդատվական աշխատանքներ:
2015 թ. իրենց ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև Գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով հաշվետվությունը, դրական է գնահատել Գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հատկապես 2015 թ. մթերման և վերամշակման գործընթացի կազմակերպման կապակցությամբ: Վարչապետն ընդգծել է, որ այս տարի նույնպես գյուղատնտեսության ոլորտում սպասվում է լարված աշխատանք, կան լուրջ անելիքներ և պետք է համատեղել բոլոր ջանքերը, ձեռնարկել գործնական քայլեր՝ ոլորտում առաջընթացը շարունակելու, մթերողներին, վերամշակողներին և ընդհանրապես գյուղացուն աջակցելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել այցելությունները մարզեր, ինչպես նաև քննարկումները գործարարների հետ, մանրամասն ծանոթանալ խնդիրներին և աջակցել դրանց լուծմանը: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրները, հետևողական լինել պայմանավորվածությունների կատարման և խնդիրների լուծման հարցում:
Գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար՝ շեշտելով, որ այն պարտավորեցնում է ավելի ակտիվ և արդյունավետ աշխատել: