Բաժիններ՝

«Վարչապետը լսեց ու ասաց՝ «այո»». Անահիտ Բախշյանի փեսայի եղբայները պատրաստվում են ՀՀ-ում զարգացնել կաշեգործությունը

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

Նշենք, որ կառավարության տարածած լուսանկարներում կարելի է նկատել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին, ինչպես նաև՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդուն` Առաքել Սեմիրջյանին:

Gorcararner1

168.am-ի հետ զրույցում Ա. Բախշյանը պարզաբանեց, որ իր աղջկա ամուսինը Արամի և Երվանդի եղբայրն է: «Իրենց ընտանիքը, որը բավականին մեծ է, բոլորը ներգրավված են այդ բիզնեսի մեջ, կաշեգործությամբ են զբաղվում, կաշի են մշակում, ներկում, կաշվի հագուստների արտադրություն ունեն, իրենց ֆիրման կոչվում է «Արմա լեդր»: Հիմա Հայաստանում նույնպես սկսել են արդեն՝ անկախ կառավարությունից, իրենք եկել են, վարձակալել են կաշվի մի գործարան ու սկսել են աշխատել և պլաններ ունեն, որ Հայաստանում կաշեգործությունը զարգացնեն, որովհետև խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է Խորհրդային միության մեջ իր մեծությամբ երկրորդ կաշվի գործարանը՝ 3000 մարդ է աշխատել, կան ավանդույթներ, մարդիկ կան, որ այդ գործը կարող են անել»,- նշեց Ա. Բախշյանը:

Նա ասաց, որ այս ընտանիքը Հայաստանում սկսել է այս արտադրությամբ զբաղվել, և կառավարությանը որոշակի առաջարկություններ ունեին՝ իրենց բիզնեսն ավելի հայաստանակենտրոն դարձնելու վերաբերյալ. «Մասնավորապես՝ կաշին մշակեն և Հայաստանում պահեն ու մատակարարեն կոշիկի արտադրության համար, քանի որ հիմա կոշկակարները դրսից են բերում կաշին, իրենք պատրաստ են այդ կաշին տեղում մատակարարել, ու դրա հետ կապված տարբեր հարցեր բարձրացրեցին, որոնցից շատերը ես չհասկացա, իմ ոլորտը չէր, բայց վարչապետը ընդունեց ու լսեց, կարծում եմ փոխադարձ լսեցին, օգտակար եղան իրար, ու տեսնենք՝ ինչ կլինի շարունակությունը»:

Մեր հարցին՝ արդյոք որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվե՞ց վարչապետի և գործարարների միջև, Ա. Բախշյանը պատասխանեց, թե որևէ գրավոր պայմանավորվածության խնդիր չի էլ դրվել վարչապետի առջև «Իրենք ընդամենն ուզում էին վարչապետին ներկայացնել, թե որքան կարող են այս բիզնեսը այստեղ ծավալել, ինչ խնդիրների առաջ են կանգնում: Վարչապետը լսեց ու ասաց՝ այո, հասկացավ տեղնուտեղը, պայմանավորվեցին, որ ամեն մարզում ունենան ինչ-որ կետեր, որտեղ մարդիկ իրենց անասունի կաշիները կհանձնեն, և այլն: Մի խոսքով՝ գրավոր ոչ մի բան չի եղել, բայց բանավոր իրար լսեցին և փոխադարձաբար խոստացել են իրար օգնել»:

Մենք հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ կապ ուներ Առաքել Սեմիրջյանը գործարարների հետ: Ի պատասխան՝ Ա. Բախշյանն ասաց, որ Ա. Սեմիրջյանը Արամի և Երվանդի հայաստանյան գործընկերն է, իրենց հետ է աշխատում, իրենց թիմի անդամ է: «Ինձ թվում է՝ շուտով կաշեգործության մեջ այնքան է խորանալու… էնքան հետաքրքիր բաներ էր առաջարկում, գաղափարներ էր ասում, ասում էի՝ «մալադեց, Առաքելն այսքան խորացել է»: Արդեն վեց ամիս է՝ իրենք աշխատում են: Չէին եկել վարչապետի մոտ՝ ասելու՝ «մեզ տեղ տվեք՝ աշխատենք»: Չէ, տեղն էլ են վարձել, աշխատում են արդեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս