«Կադրերի բաժին N 168»-ում Գարիկ Իսրաելյանն է. «Սոլյարիս»
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ մեր ընթերցողներին իր նախընտրած ֆիլմն է առաջարկում դիտել ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «STARMUS» միջազգային գիտական փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանը:
Գիտնականն առաջարկում է մի ֆիլմ, որը մեծ էկրան է բարձրացել երեք վարիացիաներով՝ առաջին և երկրորդ անգամ՝ Սովետական Միության տարիներին, համապատասխանաբար՝ 1968 թվականին ռեժիսորներ Բորիս Նիրենբուրգի և Լիդիա Իշիմբաևայի հեղինակած երկսերիանոց հեռուստաթատրոնի ժանրում, 1972 թվականին Անդրեյ Տարկովսկու մտահղացմամբ՝ դրամա: Ֆիլմի երրորդ էկրանավորման նախաձեռնությունը ստանձնեց ամերիկյան ֆիլմարտադրող «Հոլիվուդը»՝ ֆանտաստիկ դրամայի ժանրում՝ ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի կինոձեռագրով, գլխավոր դերակատարմամբ՝ Ջորջ Քլունիի:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «STARMUS» միջազգային գիտական փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանը միանշանակ նախընտրում է ֆիլմի առաջին էկրանավորված տարբերակը: «Երեք փորձերից ամենահաջողված տարբերակն իմ համոզմամբ՝ առաջինն է՝ նկարահանված 1968 թվականին ռեժիսոր Բորիս Նիրենբուրգի կողմից:
Սա հեռուստաթատրոնի ժանրում է՝ ֆանտաստիկ գրավիչ դերասանական խաղով և ազդեցիկ տեսարաններով: Գիտության պրոպագանդման ուղղությամբ կատարված բազմաթիվ կինոփորձերից սա, կարծում եմ, ամենահաջողվածներից մեկն է:
Ինձ հետաքրքիր է թվում նաև Անդրեյ Տարկովսկու մոտեցմամբ նկարահանված նույն ֆիլմը, և, թերևս, ամենաանհաջողն այս շարքում՝ հոլիվուդյան տարբերակն է: Անկեղծ ասած՝ Քլունին դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի՝ հասնելու համար այն արդյունքին, որ գրանցվել է ֆիլմի առաջին երկու տարբերակներում»,- կեսկատակ-կեսլուրջ իր առաջարկած ֆիլմի մասին նշեց աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:
Այսպիսով՝ առաջարկում ենք դիտել 142 րոպե տևողությամբ սովետական արտադրության երկսերիանոց հեռուստաթատրոնը՝ «Սոլյարիսը»՝ նկարահանված Ստանիսլավ Լեմանի համանուն վեպի մոտիվներով:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը