Ինչու Խոսրովի որդին. «Հայկական Ժամանակ»
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին ու փեսան տարիներ շարունակ բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Որդին Ռոբերտ Հարությունյանը, ինչպես հայտնի է, անցած շաբաթ նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար։ Ընդ որում՝ փոխնախարարի այդ հաստիքը վերաորակավորվեց որպես արտաքին տնտեսական խնդիրներով զբաղվող պաշտոն։ Սինչ այդ, ինչպես հայտնի է, նա մեկ տարի ԵՏՄ-ում ՀՀ երեք նախարարներից մեկն էր, իսկ ավելի վաղ՝ Զարգացման հայկական գործակալության տնօրենը։ Խոսրով Հարությունյանի փեսան՝ Արմեն Պապիկյանը 2011 թվականից Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն է։ Ի՞նչ է արել Հարությունյանը, որ իր որդին ու փեսան տարիներ շարունակ նման բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Կամ՝ արդյոք իր միջամտությա՞մբ չեն այդ երիտասարդները նշանակվել տվյալ պաշտոններին։ «Պաշտոնապես ասեմ ոչ։ Դժվար է ենթադրել, որ մեզանում պատասխանատու պաշտոններում կարող են նշանակվել միայն ազգակցական կամ բարեկամական հարաբերությունների արդյունքում, եթե չկա դրա համար մասնագիտական որակավորման անհրաժեշտ պաշար։ Ես չեմ մերժում, որ երբ առաջարկության էր արվում որդուս հաշվի են առել, որ նա իմ որդին է։ Բայց նախ հաշվի են առել նրա մասնագիտական որակը, որ նրան կարելի է այդ պատասխանատու պաշտոնը վստահել։ Կուտոյան Գեորգին ո՞ւմ որդին է, նրան վստահվեց ԱԱԾ-ն։ Արփինե Հովհաննիսյանի հայրն ո՞վ էր, որ արդարադատության նախարար նշանակվեց»։ Բայց չէ՞ որ այս երկու պաշտոնյաների նշանակման դեպքում էլ բարձրաստիճան պաշտոնյաների կամ այլ ազդեցիկ մարդկանց միջամտության մասին է խոսք գնացել։ Խ.Հարությունյանն այս դեպքերում էլ հնարավոր է համարում ազդեցիկ հովանավորների առկայությունը։ «Բայց հովանավորները կարող են ընդամենը վստահելի միջավայր ձեւավորել։ Եթե Արփինե Հովհաննիսյանն իր որակական հատկանիշներով չբավարարեր արդարադատության նախարարին ներկայացվող պահանջները, հազար ազդեցիկ պաշտոնյա միջամտեր, նա այդ պաշտոնին չէր նշանակվի։ Եվ եթե իմ որդին տնտեսական ոլորտում գործունեության իրականացնելու իր հմտությամբ, գիտելիքներով չհամապատասխաներ այդ պահանջներին, հարյուր Խոսրով Հարությունյան գար, նրան այդ պաշտոնին չէին նշանակի։ Խոսրով Հարությունյանի գործոնը կարող էր հավելյալ վստահություն ներշնչել»,– ասում է պատգամավորը։
– Պարոն Հարությունյան, նույն կերպ էլի ձեր գործո՞նն են հաշվի առել, որ ձեր փեսա Արմեն Պապիկյանին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ են նշանակել։
– Անկասկած ոչ, որովհետև մինչ այդ նշանակումը նա Վիեննայում բազմակողմ կառույցում դրսեւորվել է որպես բավականին հմուտ մասնագետ։ Ստրասբուրգում ԵԽ մեր դեսպանն ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի բյուջետային հանձնաժողովի նախագահ։ Առաջին անգամ ԵԽ պատմության մեջ այդ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ոչ ԵՄ անդամ պետության ներկայացուցիչը։ Ընդ որում, դա քվոտայով չէ, ընտրվում է կոնկրետ անձը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: