«ԸՕ-ի նախագծում ոչ թե՝ 100, այլ՝ 120 տոկոսանոց մեծամասնական համակարգ է ձևավորվել». Լյովա Խաչատրյան

«Ընտրական օրենսգիրք (ԸՕ) է գրվել, որն առանց սեփական հանրության հետ նախօրոք համաձայնեցնելու՝ սկզբում ուղարկվել է ինչ-որ Վենետիկյան ինչ-որ հանձնաժողովի, կամ ինչ-որ խավի. արդեն այնտեղից են «դաբրոն» ստանում, սա ինձ համար ընդունելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նա կարծում է՝ ԸՕ-ն պետք է համաձայնեցվեր սեփական ընտրողի, ժողովրդի հետ:

«Ինձ համար, մեծ հաշվով, միևնույն է, թե ինչպիսին կլինի ընտրական համակարգը՝ մեծամասնակա՞ն, համամասնակա՞ն, թե՞ խառը, ես միշտ այս համակարգի փորձը ունենալով՝ կողմ եմ եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Եթե չունենք ընտրական մշակույթ, միգուցե համամասնականը մեզ համար ավելի՞ ճիշտ է»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ հիմա ԸՕ-ի նախագծում ոչ թե՝ 100, այլ՝ 120 տոկոսանոց մեծամասնական համակարգ է ձևավորվել: Նա նաև կարծում է՝ այս Ընտրական օրենսգիրքը շատ բաց տեղեր ունի, վերահսկելու հնարավորություններ է տալիս.

«Ի՞նչ է նշանակում այդ գունավոր թղթերը, որ դրվում է ծրարի մեջ և որը դակիչով դակվելու է: Մենք բոլորս գիտենք՝ ինչ է նշանակում՝ դակիչ. եթե դակեցիր, ինչ-որ թղթի կտոր ավելանում է, ու էլ հաշվել պետք չէ՝ որ կուսակցությանն ինչքան ձայն է գնացել: Այդ թղթի կտորները հանես, գույներով հաշվես, կիմանաս՝ ով ինչքան է տարել: Այսինքն՝ 100 տոկոսանոց վերահսկողություն է ստացվում»:

Տեսանյութեր

Լրահոս