«Դավաճանություններ, «ռազվոդներ» լինում են բոլոր տեղերում». Լյովա Խաչատրյանը՝ ԲՀԿ-ի ներքին խնդիրների մասին
«ԲՀԿ-ում առաջացած հարցերին մենք, արդեն երկու օր է` շատ մանրամասն բացատրություն տվել ենք ու ձեզնից խնդրել ենք մեկ ամիս ժամանակ այդ հարցին անդրադառնալու համար՝ մինչև մենք մեկ ամսվա ընթացքում մեր ներքին հարցերը կլուծենք ու շուտով ձեզ կզեկուցենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԲՀԿ-ում վերջին շրջանում առաջացած խնդիրների մասին՝ ասաց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ կուսակցությունը պատրաստվում է լքել նաև պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Երեկ արդեն կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Վահան Բաբայանը:
Լ. Խաչատրյանն ասել էր, թե այն մարդիկ, ովքեր ԲՀԿ են եկել կամ անդամ են դարձել ինչ-որ բան ձեռք գցելու կամ ստանալու համար, ապա կուսակցությունում անելիք չունեն: Հարցին՝ կուսակցությունում շա՞տ են նման մարդիկ, արտահոսք կա՞ կուսակցությունից, Լ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Արտահոսք գաղափարակիցների չենք ունենա, արտահոսք անգաղափարների՝ միգուցե, դա մեզ շատ քիչ է հուզում»:
Դիտարկմանը, թե Վահան Բաբայանն արդեն հաստատել է ԲՀԿ-ն լքելու մասին լուրերը, Լ. Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը չի ծանոթացել Վ. Բաբայանի հայտարարությանը. «Ես նրա շատ տեսակետների հետ համաձայն չեմ եղել, ուրիշ գաղափարախոսություն միգուցե ունի, դա իր խնդիրն է, որը չի համապատասխանում ԲՀԿ-ի գաղափարներին: Թողեք ԲՀԿ-ին մեկ ամիս հանգիստ, հիմա գնում է ինքնամաքրման պրոցես, թույլ տվեք ավարտել այդ պրոցեսը»:
Հարցին՝ ԲՀԿ-ն քանի՞ անգամ է պահել իր սկզբունքները, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Չկայացած քաղաքական դաշտում, չկայացած կուսակցությունում ամեն ինչ հնարավոր է: Հայաստանում ո՛չ կուսակցություն կա, ո՛չ կայացած քաղաքական դաշտ կա: Ես իմ սկզբունքներին չեմ դավաճանել այս տարիների ընթացքում»:
Լրագրողի ճշտող հարցին՝ կուսակցությունը դավաճանե՞լ է իր սկզբունքներին, Լ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Մեկ ամիս հետո կանդրադառնանք կուսակցության հետ կապված բոլոր հարցերին, իսկ դավաճանություններ, «ռազվոդներ» լինում են բոլոր տեղերում»: