«Կփորձենք հնարավորինս այնպիսի տարբերակ ընդունել, որ կարողանանք այն մոտեցնել մեծամասնականին, այլ տարբերակ չունենք»
«Ընտրական օրենսգիրքն ուսումնասիրել եմ: Իհարկե, դեռ նախագիծ է, վերջնական տարբերակը չէ, որովհետև ընդամենը հանության դատին է ներկայացվել, դեռ մեր ֆորմալ քննարկումները չեն սկսվել, բայց այն տարբերակը, որ կա, մոտավոր պատկերացում կարող է ստեղծել մեր հանրության համար, թե ինչպես են անցնելու ընտրությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ԸՕ-ի փոփոխությունները բխում են սահմանադրական փոփոխություններից: Ըստ նրա՝ թեև 100 տոկոսանոց համամասնական համակարգ է հաստատվել, բայց ինքը միշտ եղել է 100 տոկոսանոց մեծամասնական համակարգի կողմնակից, քանի որ կարծում է՝ դա է ամենաժողովրդավարական համակարգը, որ երբևէ ստեղծվել է աշխարհում. «Մեր ընդդիմության 20 տարվա պահանջն ընդունվեց՝ որպես փոխզիջում, բայց ես երբեք դրա կողմնակիցը չեմ եղել: Հիմա կփորձենք հնարավորինս այնպիսի տարբերակ ընդունել, որ կարողանանք այն մոտեցնել մեծամասնականին, քանի որ այլ տարբերակ չունենք»:
Լ. Մարտիրոսյանի համար զարմանալի է, որ ընդդիմության մեջ չկան սահմանադրական իրավունքի լուրջ մասնագետներ, որոնք կտարանջատեն ընտրական համակարգերի տարատեսակները. «20 տարվա ընթացքում ասում էին՝ 100 տոկոսանոց համամասնական համակարգ պետք է լինի, բայց չէին ասում՝ կոնկրետ որ տարատեսակի մասին է խոսք գնում: Հիմա ներկայացվել է ռեյտինգային տարբերակը, ասում են՝ «գիտե՞ք, դա այնքան էլ համամասնական չէ»: Զարմանալի է, որ 20 տարվա մեջ մի հոգի չի եղել, որ տարբերել է համամասնականի տարատեսակները: Այս տարբերակն ավելի շատ մոտ է մեծամասնական համակարգին, ու դա ավելի լավ է, որքան մոտ լինի մեծամասնականին՝ շատ ավելի լավ է»:
Հարցին՝ այդ ի՞նչ դրույթ կա այս նախագծում, որը երաշխավորում է, որ ընտրությունները չեն կեղծվելու, անցնելու են թափանցիկ ու ազատ, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես՝ որպես հարակից զեկուցող, միշտ ասել եմ, որ համամասնական կամ մեծամասնական տեսակները չեն, որ օգնելու են ժողովրդավարական ընտրություններ անցկացվելուն»:
168.am-ի ճշտող հարցին, թե, փաստորեն, առաջընթաց չկա՞ այս նախագծում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ առաջընթաց կա, խորհրդարանական համակարգին համապատասխան է: