Շաքարավազը, սուրճը, ձուն թանկացել են, իսկ խառը կանաչին, կաղամբը՝ էժանացել է
Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչպես են սպառողական գները փոփոխվել 2016 թ. հունվար, փետրվար ամիսներին:
«2016 թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում գրացվել է 1,4% սպառողական գներերի անկում, մասնավորապես պարենային ապրանքների գները նվազել են 3,2, ոչ պարենային ապրանքներինը` 0,6, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,3 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:
Վերջին ամսում պարենային 13 ապրանքախմբերից 9-ում արձանագրվել է գնանկում 13,4-0,1%, 4 ապրանքային խմբում գրանցվել է գնաճ` 0,1-1,2%: Առավել նկատելի գնանկում արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում` 13,4% և մրգային ապրանքախմբում` 3,3%: Արձանագրվել է նաև հացամթերքի գնանկում 2,6%, մսամթերքինը` 0,5%, ձկնամթերքինը` 1%, կաթնամթերքինը` 0,1%, հրուշակեղենինը` 0,2%, այլ պարենային ապրանքների գները նվազել են 0,1%: Արձանագրվել է շաքարավազի գնաճ` 1,2%, ոչ ոգելից խմիչքինը` 0,1%, սուրճի, թեյի, կակաոյի` 0,6%, և ձվինը 0,3%:
2016թ. փետրվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ երկու ամսում ընդհանուր գնաճը կազմել է 0,8%, այդ թվում պարենային ապրանքների գները աճել են 2%, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,1%, ծառայությունների սակագները աճել են 0,7%:
2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1,7%: Այդ թվում, պարենային ապրանքներն ունեցել են առավել բարձր նվազման միտում` 5,9%: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,1%, իսկ ծառայությունների սակագները 3,4%:
2016թ. հունվարին դեկտեմբերի համեմատ արձանագրված ընդհանուր 2,2% գնաճի պարագայում գրանցվել է բանջարեղենի ու կարոտոֆիլի շուրջ 33% գնաճ:
Փետրվարին գրանցվել է գնանկնում` 13,4%: Առավել նվազել է կանաչ սոխի գինը` 33,7%, խառը կանաչեղենինը` 23,3%, լոլիկի գինը նվազել է 21,2%, վարունգինը` շուրջ 20%, սմբուկինը` 15%, կանաչ պղպեղինը` 10%-ից մի փոքր ավելի, կաղամբինը` 6,5%, գլուխ սոխինը` 5,6%: Վերջին մեկ ամսում բարձրացել է կարտոֆիլի գինը` 1,9%, սնկի գինը բարձրացել է 3%, գազարինը` 10,2%, բողկինը` 9,2%:
Ոչ պարենային ապրանքներից առավել նկատելի գնային փոփոխություն արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի շուկայում: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ դրանց գները նվազել են համապատասխանաբար 2,7% և 3,7%:
2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 11,6%, դիզելային վառելիքինը` 14,4%, իսկ վերջին երկու ամսում գնանկումը բեզնինի գծով կազմել է 7,3%, դիզելային վառելիքինը` 9,5%: