Մինչև մարտի 31-ը ՌԴ-ից մատակարարվող գազի գինը կպահպանվի 165 դոլար
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի:
Նախագծերը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ով նշեց, որ հայկական կողմը 2015թ. նոյեմբերին դիմել է ՌԴ էներգետիկայի նախարարությանը՝ առաջարկելով իջեցնել ՀՀ մատակարարվող բնական գազի գինը. «Հաշվի առնելով, որ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռևս շարունակվում են, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել նախորդ տարվա համար հաստատված 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետր բնական գազի համար գինը 2016թ. առաջին եռամսյակում, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնություն է տալիս ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կաարելու արձանագրության կնքման առաջարկությանը»:
«Մենք համաձայնություն ենք տալիս, որ այս արձանագրությունը նախարարությունը ստորագրի»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իոսիֆ Իսայանը նաև տեղեկացրեց, որ առաջարկվող համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:
«Հարկ է նշել, որ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ քան մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում»,- ասաց Իսայանը: