Կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրումը ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվծ օրենքներ փոփոխությունների նախագծերի փաթեթին:
Խոսքը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության տարածքից ավտոմեքենաների ներկրման ավելացված արժեքի հարկը վերացնելուն: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հանդես է եկել նման առաջարկով, դա համարել է հրատապ. «Ամբողջովին համընկնում է մեր մոտեցումներին, և մենք աջակցում ենք այս որոշմանը»:
Կառավարության եզրակացությունում նշված է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ:
Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է:
Նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք: