Made in Armenia. Սիրելի ֆիլմերի նկարահանումների վայրերը՝ հայկական MovieTrip հավելվածում
Բոլոր նրանք, ովքեր սիրում են դիտել ֆիլմեր և ճանապարհորդել, երազում են լինել իրենց սիրելի ֆիլմերի նկարահանման վայրերում, արդեն կարող են օգտվել հայ մասնագետների կողմից ստեղծված MovieTrip կայքից և հավելվածից: Հավելվածը կապ է հաստատում իրական և վիրտուալ աշխարհների միջև՝ թույլ տալով կինոմաններին՝ լինել բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում իրենց սիրելի ֆիլմի գործողությունները:
Movie Trip-ն առանձնացնում է նաև այն վայրերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կինոհերոսների հետ: Ամեն վայր ունի հասցե, քարտեզ, կադր ֆիլմից, տեսարանի նկարագրություն, մեջբերումներ և սոցցանցային գործիքներ, որոնք թույլ կտան օգտագործողին՝ տեսնել իրենց ընկերների ակտիվությունը հավելվածում:
Կայքը կամ հավելվածը հնարավորություն կտա իմանալու ֆիլմից կոնկրետ վայրերի հասցեները, դիտել կադրեր, տեսնել քարտեզը, կարդալ մեջբերումներ ֆիլմերից և ծանոթանալ տեսարանի նկարագրությանը:
Նախագծի հեղինակները Մհեր Սարգսյանը, Արտավազդ Եղիազարյանը և Աշոտ Գասպարյանն են: Ֆիլմերի տվյալների բազան ստեղծում են նրանք, սակայն նախատեսվում է, որ հետագայում նման հնարավորություն կունենան կայքի բոլոր օգտատերերը:
MovieTrip-ը կօգնի գտնել հայկական և արտասահմանյան ֆիլմերի ամենահայտնի տեսարանների վայրերը:
«Մեր տվյալների բազայում կա արդեն 350-ից ավելի կինոնկար և մոտ 4000 տեսարան: Դրանցից մի քանի տասնյակը Հայաստանում են` «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Քայլ ձիով» և այլ ֆիլմերից: Բայց ամենաշատ տեսարաններ ունեցող քաղաքներն առայժմ Նյու Յորքն ու Փարիզն են»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Արտավազդ Եղիազարյանը:
Լուծված է նաև այն ֆիլմերի հարցը, որոնց նկարահանվել են ոչ թե կոնկրետ վայրում, այլ տաղավարում: Նման դեպքերում նշվում է նկարահանման վայրի իրական հասցեն:
MovieTrip-ի սկզբնական տարբերակն արդեն թողարկվել է Android-ի hամար: Արտավազդ Եղիազարյանը նշում է, որ արձագանքները շատ դրական են:
«Ինչպես և մենք ենթադրում էինք, այս թեման՝ կինոյի և ճամփորդությունների համատեղումը, շատ-շատերին է հետաքրքրում: Բացի այդ, օգտագործողները շատ բարձր են գնահատել հավելվածի դիզայնն ու հարմարավետությունը»,- նշեց Ա. Եղիազարյանը:
Նախագծի հեղինակներից Աշոտ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շուտով նախատեսվում է հավելվածը թողարկել նաև iOS-ի համար:
Movie Trip-ը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնարամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կայացած Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:
Սիրարփի Աղաբաբյան