Եվս մեկ նախագիծ՝ ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներկրումը որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու վերաբերյալ
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ևս մեկ նախագիծ է ընդգրկվել, որն առնչվում է ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախաձեռնությանը:
Նախագիծը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ դրա՝ կառավարությունը դրանց վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:
Կառավարության նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ. «Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել՝ որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք»: