«Փրկվածը» ֆիլմի նկարահանման վայրը դառնում է տուրիստական երթուղի
«Փրկվածը» ֆիլմը ոչ միայն երկար սպասված «Օսկար» բերեց դերասան Լեոնարդո դի Կապրիոյին, այլեւ նոր տուրիստական ուղղություն ի հայտ բերեց Արգենտինայում: Կինոմրցանակի հանձնման արարողությունից հետո այն ճանապարհորդները, որոնք ուղեւորվում են հարավամերիկյան այս հանրապետության ամենահարավային մասը, սկսել են ավելի հաճախ իրենց պարտադիր ծրագրում ներառել կինոժապավենի նկարահանման վայրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները ձգտում են հասնել Օլիվիա ոչ մեծ գետի ափ, որը գտնվում է Հրո երկիր նահանգի մայրաքաղաք Ուշուայայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այժմ միայն ոտքով կարելի է հասնել այդ վայր, բայց տուրիստական ընկերություններն արդեն նկատի են առել երթուղու ժողովրդականությունը եւ մտածում են, թե ինչպես այն ավելի հասանելի դարձնեն բոլոր ցանկացողների համար:
«Փրկվածի» նկարահանող խումբը հարկադրված է եղել նկարահանումների համար Արգենտինայի հարավ գնալ եղանակի քմահաճությունների պատճառով:
Կինոժապավենի նկարահանումները գրեթե ամբողջությամբ տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հյուսիսում եւ Կանադայում, սակայն գարնան շուտ գալու պատճառով ֆիլմը մինչեւ վերջ այնտեղ նկարահանել չէր հաջողվել: Արհեստական ձյունը չէր բավականացրել անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, եւ ֆիլմի ստեղծողներն սկսել էին նոր վայր փնտրել: Արդյունքում ընտրությունը կանգ էր առել Հրո Երկրի վրա, եւ հուլիսին՝ տեղի ձմեռվա ամենախիստ շրջանում, թիմն ուղեւորվել էր Հարավային բեւեռի կողմը: