Բաժիններ՝

Սդղի գյոլի գործով դատավորը փոխվել է. Արտակ Բուդաղյանի գործը քննած դատավորն այլևս չի քննի վիճաբանության գործը

Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության գործով դատարանի կազմի փոփոխություն է տեղի ունեցել: Քրեական գործը մակագրվել էր դատավոր Նապոլեոն Օհանյանին, ում նախագահության քրեական գործով մի քանի դատական նիստ է նշանակվել: Սակայն այժմ դատավոր զեկուցագրի հիման վրա տեղի է ունեցել կազմի փոփոխություն. քրեական գործը մարտի 1-ին մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:

Նշենք, որ 2015թ. մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության արդյունքում պարզվել է՝ դեպքի օրը՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:

Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցրել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յու.Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել է վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև  Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս., Է. և Մ.Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։ Մասնավորապես, Շ.Դավթյանը, Դ. Հակոբյանը և Մ. Խաչատրյանը նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։ Սեյրան և Էյներ Խաչատրյանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, քննության տվյալներով, նշված ծեծկռտուքի ժամանակ Յու.Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ.Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է՝ միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։

Կարդացեք նաև

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս