Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Տիգրան Մանսուրյանն է. «Երիտասարդություն»

«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոառաջարկն է: Սիրով ներկայացնում ենք իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» (Paolo Sorrentino, «La giovinezza») հայտնի դրաման՝ նկարահանված բոլորովին վերջերս՝ 2015-ին, Իտալիայում, որը, ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց Մաեստրո Մանսուրյանը՝ հասցրել է նայել արդեն երևի 7-րդ անգամ:

«Սա երկու ծերուկների կյանքն է, ովքեր իրենց հանգիստն են անցկացնում Ալպերի առողջարաններից մեկում: Նրանցից մեկն իրեն դեռ տեսնում է ստեղծագործական բեղմնավոր ուժերի ծաղկուն շրջանում, իսկ մյուսն արդեն ամեն ինչից ձեռք է քաշել: Ֆիլմի ավարտը մեզ անակնկալի է բերում, որովհետև մենք ականատեսն ենք դառնում, թե ինչպես նա, ով այդքան հավատում էր իր ուժերին, դաժանորեն պարտվում է, իսկ մյուսը, որ կարծես բոլորովին լուծել էր իր հարցերը գոյության հետ և հիմա ապրում էր միայն, դիրիժորական փայտիկը ձեռքին բեմ է բարձրանում և համերգ է ղեկավարում: Շատ գեղեցիկ ֆիլմ է: Այնքան խելացի ու նուրբ աշխարհ կա՝ պատկերված այս ֆիլմում: Ես շատերին եմ առաջարկել նայել այս ֆիլմը, և հերթական անգամ, երբ գնացի խանութը, որտեղից ես պատվիրում եմ ֆիլմերը՝ DVD-ների վրա, խանութի աշխատակիցն ասաց, որ շատերն են գալիս հենց այս ֆիլմը տանելու: Ասացի նրան, որ ես եմ շատերին խորհուրդ տվել, որ գան-վերցնեն ու նայեն այս ֆիլմը: Այստեղ հայտնաբերվեց, որ այս ֆիլմի գովք անողը ես եմ… (ժպտում է.- Ն.Մ.): Ես այս ֆիլմը երևի 7 անգամ նայած պետք է լինեմ, որովհետև անչափ հետաքրքիր են այս ֆիլմում թաքնված ծալքերը, որ ամեն անգամ բացահայտում եմ ու ամեն անգամ զարմանում, թե դեռ ինչե՞ր չեմ բացահայտել: Եվ երբ վերջին անգամ նայեցի ու հասկացա, որ ֆիլմն ամբողջովին բացահայտել եմ ինձ համար, դրեցի մի կողմ, որ մի օր կարոտեմ ու նորից նայեմ»,- ներկայացրեց Մաեստրոն:

12472547_10204098994873851_4824009032452037608_n 12615189_10204098997193909_5148922178507640232_o 12419232_10204099012354288_2027913814602539245_o 12512270_10204098997033905_7484868706338589348_n 12829492_10204099012554293_4312160242106061969_o 12823396_10204099007554168_8148157285719562131_o

Կյանքի մոտեցող մայրամուտին Ալպերի ազդեցիկ ֆոնի վրա հերոսի ներդաշնակ կենսակերպի մասին մտորումներն իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի վերջին ֆիլմն է, որտեղ նկարահանվել են դերասաններ Մայքլ Քեյնը, Հարվի Քեյթելը, Ռեյչել Վայսը: Չնայած այն հանգամանքին, որ «Երիտասարդությունը» մեծ էկրան է բարձրացել բառացիորեն բոլորովին վերջերս, այնուհանդերձ, կարճ ժամանակահատվածում ֆիլմը հասցրել է արժանանալ այնպիսի հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին, ինչպիսիք են՝ Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը», Karlovy Vary-ի «Հանդիսատեսի համակրանքն» ու իտալական «Ոսկե գլոբուսի» միանգամից երկու մրցանակները:

Կարդացեք նաև

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս