Քունջութի յուղից՝ մինչև նռան կորիզի յուղ. հայկական ընկերության արտադրանքը պահանջարկ ունի նաև ռուսական շուկայում
LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 4-6-ն անցկացնում է 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և դեղագործություն-EXPO 2016»: Ցուցահանդեսին մասնակցում են տեղական և արտասահմանյան դեղագործական ընկերություններ, տարբեր ընկերությունների կողմից ներկայացված են բժշկական սարքավորումներ, և այլն:
168.am-ի հետ զրույցում «Դիկոնդ» ֆիրմայի աշխատակից Հասմիկ Դինգչյանը ներկայացնելով իրենց արտադրանքը՝ նշեց, որ ընկերությունը մասնագիտացված է հիմնականում յուղերի արտադրությամբ, և ներկայացնում են յուղերի բազմաթիվ տեսականիներ՝ քունջութի յուղ, կտավատի, խաղողի կորիզի, դդմի կորիզի և նռան կորիզի յուղ.
«Նռան կորիզի յուղը նորույթ է մեր շուկայում, համարվում է հզոր յուղ, հակաօքսիդանտ, շատ օգտակար է օրգանիզմին: Խաղողի կորիզի ձեթը չռաֆինացված է, ստանում ենք սառը մամլման շնորհիվ, որը և օգնում է պահպանելու իր բոլոր որակական հատկանիշները, պարունակում է E ,B խմբի վիտամիններ, օմեգա: Ունենք խաղողի կորիզը՝ թեթևակի բոված, աղացած վիճակում, որը նույնպես շատ օգտակար է, պարունակում է տոնին, կարելի է համադրել սուրճի հետ, կարելի է հենց այնպես ուտել:
Քունջութի և կտավատի ձեթերը շատ օգտակար են մարսողության համար, դդմի կորիզի յուղն ավելի շատ միզուղիների բորբոքումների, երիկամների բորբոքային պրոցեսների համար է, նռան կորիզի յուղը, բացի կոսմետիկ միջոց լինելուց, նաև հզոր հակաբորբոքային միջոց է»:
Մեր զրուցակիցը նշեց, որ արտադրանքն արդեն երկու տարի արտահանվում է ռուսական շուկա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում