Լեռնային Ղարաբաղի բաց վերքը մինչ օրս բաժանում է երկու երկրների ժողովուրդներին. Ֆեդերիկա Մոգերինի
Լեռնային Ղարաբաղի բաց վերքը մինչ օրս բաժանում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է Եվրամիության օրակարգում: Այս մասին, ամփոփելով Ադրբեջան ու Հայաստան կատարած այցերը, իր բլոգում գրել է ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես հենց նոր եմ վերադարձել Ադրբեջանից ու Հայաստանից, որոնք կամուրջ են հանդիսանում Եվրոպայի ու Ասիայի միջև: Այս երկու պետությունները, չնայած դժվարություններին ու հակասություններին, շարունակում են ամրապնդել իրենց փխրուն ժողովրդավարությունը: Դա հագեցած ուղևորություն էր, որի ժամանակ ես հանդիպել եմ ոչ միայն Եվրամիության երկու կարևոր գործընկերների կառավարությունների անդամների հետ, այլև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ՀԿ-ների հետ»,- իր բլոգում գրել է Մոգերինին:
«Երկու ժողովուրդներն էլ դեռևս բաժանված են Լեռնային Ղարաբաղի բաց վերքի պատճառով: Եվրամիության համար հակամարտության խաղաղ լուծումը օրակարգի առաջնայնություններից է ու մենք վճռականորեն ներգրավված ենք մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով»,- գրել է Մոգերինին:
Նրա խոսքով՝ ներքին բարեփոխումների հարցը, երկկողմ հարաբերությունները ու տարածաշրջանային հարցերը եղել են Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանական ընդդիմության ու մեծամասնության հետ հանդիպումների քննարկման առարկա: