Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մեկնել է Բաքու
Ինչպես հայտնում է TASS-ը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր մեկնել է Բաքու, որտեղ խորհրդակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարության հետ։
Նշվում է, որ քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումների հեռանկարները:
«Պլանավորվում է աշխատանքային հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Մեր օրակարգը լայն է, երկկողմ շփումներ, շատ հարցեր կան: Կքննարկենք տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումների հեռանկարները, տարածաշրջանային խնդիրներ, Հարավային Կովկասի խնդիրները»,- տեղեկացրել է Կարասինը:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Բաքվում օրակարգը զուգահեռներ չունի մարտի 2-ին Թեհրանում Իրանի փոխարտգործնախարարի հետ խորհրդատվությունների ժամանակ քննարկած հարցերի օրակարգի հետ։ «Դա միանգամայն տարբեր հանդիպում է, խորհրդատվություններ հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են ռուս-ադրբեջանական համագործակցությանը արտաքին քաղաքական ոլորտում»,- ասել է նա:
Կարասինը նաև հայտնել է, որ մտադիր է ադրբեջանական կողմին պատմել Թեհրանում ունեցած հանդիպումների արդյունքի մասին:
«Բնականաբար, հակիրճ կպատմեմ, թե ինչի մասին ենք խոսել Թեհրանում։ Մենք բացարձակ թափանցիկ ենք աշխատում մեր գործընկերների հետ՝ լինի դա Ադրբեջանը, Իրանը, թե մյուս երկրները»,- հավելել է նա: