«Օբաման Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնելու եզակի հնարավորություն ունի». Washington Times
Հեղինակավոր Washington Times-ում Caspian Group Holdings-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև՝ դրանց՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հնարավոր միջամտություններին՝ հանուն երկու երկրների խաղաղության:
Ստորև ներկայացնենք հոդվածը:
Հոդվածագիրը կարծում է, որ մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով 4-րդ գագաթաժողովը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եզակի հնարավորություն կտա կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Այն ժամանակ, երբ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է պայմանավորվել, թե ինչպես է հնարավոր միջուկային զենքը լավագույնս հեռու պահել վտանգավոր պետություններից կամ ահաբեկչական խմբերից, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ներկայությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ընձեռում է եզակի պատմական պահ՝ առաջատար դեր ստանձնելու Խորհրդային կայսրության փլուզումից հետո առաջացած ամենախնդրահարույց հակամարտություներից մեկի լուծման հարցում»,- գրում է Սոբհանին։
Վերջինս կարծում է, որ խաղաղության հաստատումից երկու երկրներն էլ կշահեն, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը դրական կազդի միլիոնավոր հասարակ մարդկանց կյանքի վրա։ «Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կշահեն խաղաղության հաստատումից: Հակամարտության դիվանագիտական լուծումը, որին կդիմեն ամերիկացիները, կնպաստի աճին հետկոնֆլիկտային միջավայրում»,- գրում է Սոբհանին:
Հոդվածագիրն այնուհետ անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությանը, ներկայացնում, որ ներկայում այդ խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշվում է, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի պատճառով միլիոնավոր մարդիկ են դարձել փախստական:
Նրա դիտարկմամբ՝ կարող է ստեղծվել Հայ-ադրբեջանական հաշտեցման ու վերակառուցման հիմնադրամ, որը ներդրումներ կարող է անել ենթակառուցվածքային նախագծերում, Հայաստանի միջոցով ու Ադրբեջանի ֆինանսներով Եվրոպա գազ արտահանող խողովակաշարը կընդլայնվի:
Հոդվածագիրը հույս է հայտնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջին տիկինները կարող են Միջմշակութային հիմնադրամ ստեղծել, որը կվերականգնի կրոնական հանդուրժողականությունը:
Սոբհանիի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը հարկ է, որ աշխատի հակամարտության երկու կողմերի նախագահների հետ: «Օբաման պետք է համոզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որ ԱՄՆ-ը նրանց մեջքով չի շրջվի, ու գործունակ լուծումը կարող է բավարարել երկու ազգերին՝ թույլ տալով նրանց քաղաքացիներին ապրել խաղաղության մեջ, և տալ նրանց վերջապես հնարավորություն՝ զարգացնելու վստահությունը, լինել լավ ու համագործակցող հարևաններ աշխարհի այդ անհանգիստ տարածաշրջանում»,- ընդգծում է հոդվածագիրը։