Բաժիններ՝

«Պատերազմ է, խուճապի մեջ են, չեն հարմարվում ու տարբեր երկրներ են գնում». «Սիրիահայերի միություն» հ/կ-ի անդամները՝ Հայաստանից հեռացող սիրիահայերի մասին

Հայաստանում արդեն 15 օր գործում է «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը (հ/կ), որը զբաղվում է սիրիահայերի խնդիրներով: Այս մասին այսօր հայտարարեցին հ/կ անդամները, որոնք անդրադարձան նաև այն խնդիրներին, որոնց հետ առնչվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ընթացքում:

Հայաստանում ոսկերչությամբ զբաղվող ՄիքայելԿարապետը նշեց, որ ոչ միայն սիրիահայերը, այլև ՀՀ քաղաքացիները բիզնեսում խնդիրներ ունեն: Նրա խոսքով՝ կառուցողական մոտեցում է պետք սիրիահայերի հետ համագործակցության համար.

«Հայաստանում սիրիահայն ամենաշատը չորս տարվա կյանք ունի և ունի ինֆորմացիայի, ուղեցույցների պակաս: Մեր կազմակերպության նպատակն է՝ ընդառաջել այդ մարդկանց: Հիմնականում ուզում ենք տարբեր ոլորտներում աջակցել սիրիահայերին, բայց առաջնահերթ՝ բիզնեսի հետ կապված ենք աջակցում, որովհետև, եթե նորմալ բիզնես ունենան, չեն հեռանա Հայաստանից»:

Նրա խոսքով՝ սիրիահայերի մեծամասնությունն այսօր իրենց արհեստները փոխում են ու դժվարություններ են ունենում: Հարկային արտոնությունների մասին խոսելով՝ նշեց, որ դա միայն շատ մեծ բիզնեսներին է վերաբերում, այն էլ՝ առաջին տարիներին միայն:

Երևանում հացաբուլկեղենի արտադրամաս ունեցող սիրիահայ Ներսես Գևոն անդրադառնալով իրենց հ/կ-ի նպատակներին՝ նշեց, որ առաջնային է սիրիահայ գործարարների խնդիրներին հետամուտ լինելը, իրավաբանական ու բոլոր միջոցներով փորձել օգտակար լինել նրանց.

«Դիմել ենք պետական զանազան կառույցների և մինչև հիմա դրական նշաններ ստացել ենք, որպեսզի նոր գործարարներ ներգրավենք: Փորձում ենք կառուցողական հարցերում համագործակցել բոլոր մարմինների և կազմակերպությունների հետ»:

Ոսկերչությամբ զբաղվող Կարո Ադաղլյանն էլ նշեց, որ բիզնեսով զբաղվելու համար հարկավոր է նախապես գնալ տվյալ երկիր, ուսումնասիրել շուկան, իսկ սիրիահայերը դրա ժամանակը չեն ունեցել. «Եկանք և սկսեցինք աշխատել: Մենք շուկային ծանոթ չենք, եթե մի քիչ աշխատենք ներքին շուկայի հետ, կկարողանանք մեր ապրանքն իրացնել: Իսկ ընդհանուր առմամբ, գոհ ենք ամեն ինչից»:

168.am-ի հարցին՝ եթե ամեն ինչ այդպես հրաշալի է, ու միայն շուկայի խնդիրն է, ինչո՞ւ էին Հայաստանից գնացող սիրիահայերը բողոքում գործազրկությունից, Կարո Ադաղլյանը պատասխանեց.

«Պատերազմ է, խուճապի մեջ են, չեն հարմարվում ու տարբեր երկրներ են գնում: Մի քանի հոգու անունով չի կարելի ասել, որ սիրիահայերը գաղթում են, նրանք երբ դուրս եկան Սիրիայից, դիմումագրեր չստացան ՀՀ-ից, որ կարող են գալ այստեղ: Ինչո՞ւ եք խնդիրը միայն պետության վրա գցում, մարդիկ իրենք են իրենց համար պատասխանատու»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս