Հայ գործարարները ցանկանում են Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը հռչակել իրենց տոնը

Հայաստանցի գործարարները Երևանում նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը հարգեցին նրա հիշատակը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հայ գործարարների մասնակցությամբ` նորակառույց Սուրբ Աննա եկեղեցում մատուցվեց Հոգեհանգստի կարգ, որից հետո ծաղիկ դրեցին Աբովյան փողոցում վեր խոյացող Մանթաշյանցի արձանին: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Ալեքսանդր Մանթաշյանցը հայ գործարարության խորհրդանիշն է: «Ժողովուրդը, պետությունը պետք է ունենա սիմվոլներ, որոնց հավասարվի ու առաջ գնա: Հայ գործարարության բևեռված սիմվոլը Մանթաշյանցն է` իր կերպարով, իր տնտեսական ձեռքբերումներով, բարոյական քարոզչությամբ, մեծ բարերար լինելով: Եթե համեմատենք թվաբանությունը, ապա 20-րդ դարի նրա ցուցանիշներին այս օր աշխարհի շատ միլիադրատերեր չէին կարող հասել: Նա առաջին նավթամուղի կառուցողն էր Բաքվից Բաթումի, խոշոր բանկային կապտալի ստեղծողը, առաջին անգամ հայ երիտասարդության կրթության և որբերի զանգվածային հովանավորչության համակարգի ստեղծողը, հայտնի է եկեղեցաշինությամբ, այդ թվում`կառուցել է Փարիզի հայկական եկեղեցին»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով` Մանթաշյանցն իր գործունեությամբ ապացուցել է, որ որքան էլ զարգանաս, հարստանաս, առաջին հերթին պետք է մտածես համայնքի ու ազգի մասին: Հարցին ի պատասխան, թե այսօր կա՞ն Մանթաշյանցներ՝ Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Մանթաշյանցների տեսակը կրկնող խավ ունենք այսօրվա գործարարների շրջանում: Մարդիկ, ովքեր իրենց բիզնեսին զուգահեռ հովանավորում են առողջապահության, կրթության ոլորտները, աջակցում են Արցախի զարգացմանը, հովանավորում են որբերի: Շատերն այդ մասին հայտնում են, շատերն էլ՝ համեստորեն լռում: Այդպիսի խավի հետ եմ ես կապում Հայաստանի տնտեսական բարգավաճման ապագան»,-շեշտեց գործարարը:

Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի մարտի 3-ը հռչակվի հայ գործարարի օր: «Մենք կառավարությանն արդեն նամակով դիմել ենք և հավակնում ենք, որ հանրապետության իշխանությունը կընդունի այն ու այս օրը մենք կհամարենք հայ գործարարության օր»,-ասաց նա:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի դիտարկմամբ` մենք` հայերս, շատ ենք խոսում մեր մշակույթի, գրականության, գիտության ասպարեզում հաջողության հասած անձանց մասին, բայց, ցավոք, քիչ ենք խոսում գործարար աշխարհի հայ մեծերի մասին: Նրա կարծիքով` անհրաժեշտ է Մանթաշյանցի կերպարը դարձնել ուղենիշային այսօրվա գործարարների համար: «Մանթաշյանց ասելով` հասկանում ես գթասրտություն, առատաձեռ նություն, բարեգործություն»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա, սակայն, ցավով արձանագրեց, որ Մանթաշյանցը քիչ ծրագրեր է հովանավորել հենց Հայաստանում, դրանք հիմնականում եղել են Հայաստանից դուրս: «Կարևոր է, որ թե հայաստանյան, թե սփյուռքի գործարարները հիմնարար արժեքներ ստեղծեն Հայաստանում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրանք նույնիսկ կարող են ավերվել: Եթե սփյուռքի գործարարները այդպես մտածեն, կարծում եմ` Հայաստանը մոտ ապագայում կծաղկի»,-եզրափակեց Մուսայելյանը:

Ալեքսանդր Մանթաշյանցը հայ նշանավոր գործարար ու բարեգործ է։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակներում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։

Տեսանյութեր

Լրահոս