Պեսկովը մեկնաբանել է մարդասպան դայակի հայտարարությունը

Երեխայի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում, այդ պատճառով էլ նրա խոսքերին պետք է զգուշավորությամբ վերաբերել: Նման կարծիք, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինձ համար ակնհայտ է, չնայած ես կարող եմ սխալվել, ես փորձագետ չեմ ու ոչ էլ դատավոր, բայց ակնհայտ է, որ խոսքը միանգամայն անմեղսունակ կնոջ մասին է»,- հայտարարել է Պեսկովը: Նա հավելել է, որ ինքը կնոջ մեղադրանքը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայում մուսուլմաններին ռմբակոծելու մասին, ընկալում է որպես ոչ ադեկվատ:

Կրեմլի ներկայացուցիչը կոչ է արել չշտապել եզրակացություններ կատարելիս, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է:

Նա նաև հավելել է, որ նախկինի պես իր համերաշխությունն է հայտնում դաշնային հեռուստաալիքներին, որոնք որոշել են չցուցադրել մարդասպան դայակի մասին սյուժեներ:

Հիշեցնենք, որ Բոբոկուլովան հայտարարել է, որ գլխատել է փոքրիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Սիրիայում պատերազմելու համար վրեժ լուծելու պատճառով:

«Վրեխնդիր եղա նրանից, ով արյուն է հեղել՝ Պուտինից: Պուտինը ինքնաթիռներով ռմբակոծում էր Սիրիան: Ինչո՞ւ մուսուլմանները, ինչո՞ւ են ռումբերը թռչում: Նրանք էլ են ուզում ապրել, այնպես չէ՞: Ոչ ոք ոչինչ չի ասում: Նրանք էլ են ցանկանում ապրել: Տեսեք, փոքրիկ-փոքրիկ երեխա»,- ասել է Բոբոկուլովան:

Հարցին, թե այդ պատճառով ես սպանել երեխային, դայակը տալիս է դրական պատասխան: «Այո’, դրա համար եմ վրեժ լուծել»,- հայտարարել է կինը:

 

Տեսանյութեր

Լրահոս