Բաժիններ՝

Շեքսպիրի շիրիմը սքանավորել են

Անգլիայի Էյվոնի Ստրատֆորդ քաղաքում ռադարի միջոցով սքանավորվել է բանաստեղծ եւ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի շիրիմը: Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուսառադիոհաղորդումների կորպորացիան:

Վերջինիս տվյալներով՝ Էյվոնի Ստրատֆորդի Սուրբ Երրորդության եկեղեցում Շեքսպիրի շիրիմը երբեք չեն պեղել, բայց կատարվել է սքանավորում՝ հետազոտման համար: Դրա արդյունքները կհրապարակվեն հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում:

Եկեղեցու խորանի մասում Շեքսպիրի գերեզմանի կողքին կան եւս չորս տապանաքարեր, որոնց տակ հանգչում են դրամատուրգի ընտանիքի անդամների՝ նրա կնոջ՝ Աննայի (Էնն), դստեր՝ Սյուզաննայի, փեսայի՝ Ջոն Հոլի եւ թոռնուհի Ելիզավետայի (Էլիզաբեթ) առաջին ամուսնու՝ Թոմաս Նեշի աճյունները: Գոյություն ունեն չապացուցված վարկածներ, օրինակ՝ որ մահարձանների տակ կարող է գտնվել ընտանեկան դամբարան կամ որ դրամատուրգի գերեզմանը դատարկ է: Ամեն դեպքում, սքանավորման արդյունքները թեկուզեւ ինչ-որ չափով կբացահայտեն այդ դամբարանի գաղտնիքը:

Հետազոտությունը կատարվում է մեծ տարեթվի առթիվ. այս տարի աշխարհը նշում է Շեքսպիրի մահվան 400-ամյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս