Բաժիններ՝

Հայաստանի մասնակցությունը «Աստղագիտությունը զարգացման համար» տարածաշրջանային կենտրոնների 3-րդ աշխատաժողովին

Ամբողջ աշխարհի աստղագիտական միությունները միավորող կազմակերպությունը և աստղագիտական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման բարձրագույն միջազգային մարմինը` Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ, IAU) Քեյփ Թաունում (Հարավային Աֆրիկա) կազմակերպել է «Աստղագիտությունը զարգացման համար» տարածաշրջանային կենտրոնների 3-րդ աշխատաժողովը:

Աշխատաժողովի Հայաստանի ներկայացուցիչներն են Հարավ արևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը և համանուն կենտրոնի աստղագիտության հանրայնացման ծրագրերի համակարգող Սոնա Ֆարմանյանը: Աշխատաժողովն անց է կացվում Հարավային Աֆրիկայի աստղադիտարանում, այստեղ յուրաքանչյուր կենտրոնի ներկայացուցիչ կներկայացնի իր ներկայիս գործունեությունը և տարածաշրջանի աստղագիտության զարգացման ապագա ծրագրերը, նաև կքննարկվեն միջազգային և տեղական ֆինանսական աջակցության հավանական տարբերակները:

Ներկայումս ՄԱՄ-ի «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնները սփռված են ամբողջ աշխարհով մեկ՝ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում, Բյուրականի աստղադիտարանում, Անդյան տարածաշրջանային կենտրոնը՝ Կոլումբիայում, Արաբականը՝ Հորդանանում, Արևմտյան Աֆրիկայինը՝ Նիգերիայում, Պորտուգալիայի լեզվի փորձագիտական կենտրոնը՝ Պորտուգալիայում, Արևելյան Ասիայինը՝ Չինաստանում, Արևելյան Աֆրիկայինը՝ Եթովպիայում, Հարավարևելյան Ասիայինը՝ Թաիլանդում և Հարավային Աֆրիկայինը՝ Զամբիայում։ Յուրաքանչյուր գրասենյակ գործում է տեղական կառույցում կամ ինստիտուտների կոնսորցիումներում և դրանց աջակցությամբ կապ է հաստատվում տարածաշրջանային գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ 2009թ. ՄԱՄ-ն աստղագիտության զարգացման ռազմավարական ծրագիր աշխարհը բաժանում է տարածաշրջանների, որոնցից յուրաքանչյուրում ընտրվում է մեկ երկիր՝ որպես տարածաշրջանի աստղագիտական կենտրոն:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս