«Հրազդանում վախի մթնոլորտ չեն կարողանալու ստեղծեն. թե՛ իմ կուսակցությունով, թե՛ իմ ընկերներով չենք թողնելու». Սասուն Միքայելյան

Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:

Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Հրազդանում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

168.am-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը

– Հրազդան քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք՝ «վառոտները բացելու եմ, որ մարդիկ գնան դեպի ազատություն»: Ի՞նչ նկատի ունեիք, ու Ձեր պատկերացմամբ՝ հիմա ի՞նչ վիճակ է տիրում Հրազդան քաղաքում, որտեղ և առաջադրել եք Ձեր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում:

Կարդացեք նաև

– Որպեսզի մարդիկ ազատ մուտք ու ելք անեն դեպի քաղաքապետարան, որպեսզի հասկանան՝ Ավագանին մեծ դերակատարություն ունի, ազատ ելք ու մուտք լինի: Մենք որդեգրել ենք ոչ մեկին չփնովելու հոգեբանությունը. մարդը եթե հարց ունի, խնդիր ունի՝ պետք է մտնի քաղաքապետարան:

– Հիմա նման խնդիր կա՞ Հրազդան քաղաքում:

– Ո՞նց կարող ա չլինի:

– Ինչպե՞ս եք գնահատում Հրազդանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի աշխատանքը, ի՞նչ բացթողումներ է ունեցել և ո՞ր հարցերում է հաջողել:

– Եկեք այս հարցից ես զերծ մնամ, քանի որ քիչ առաջ ասացի՝ չեմ ուզում ես մարդկանց փնովեմ: Ես այդ քաղաքում նոր մարդ չեմ, մի անգամ քաղաքապետ եմ եղել, 14 տարի էլ ինքն է ղեկավարում, քաղաքի բյուջեն ոնց ա, ժողովուրդը լավ էլ տեսնում ա, ժողովուրդը կորոշի՝ ում ձայն կտա, բայց իրենք հանկարծ չմտածեն, որ նախորդ ընտրության պես՝ խախտումներ կարող են անել, կամ բոլոր լծակներն օգտագործեն մարդկանց վրա ճնշելու: Եթե ինքը պրոբլեմ չունի, 14 տարվա քաղաքապետ ա, կարա նստի տունը, ընտրվի, կրկնում եմ՝ եթե լավ է աշխատել, բայց եթե փորձեն վախի մթնոլորտ ստեղծել՝ չի ստացվի դա:

– Ի՞նչն է պատճառը, որ ՀՀԿ-ն նորից նույն թեկնածուին է առաջադրում, այդքան լա՞վ է աշխատել քաղաքապետը, թե՞…

– Ես Ձեզ խորհուրդ կտայի՝ այդ հարցն իրենց տաք: Եթե լավ է աշխատել, ին՞չ է՝ տենց վախենում են, եսիմինչ, կամ անցած ընտրությանը չտեսա՞ք՝ ինչ արեցին, եթե լավ ա աշխատել՝ ինքն իրանով կընտրվեր: Որ ճիշտն ասեմ՝ ես էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են նույն թեկնածուին առաջադրում:

– 1996-1999 թվականներին Դուք եք եղել Հրազդանի քաղաքապետը: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել, ի՞նչ չեք արել այն ժամանակ, որ հիմա եք անելու, ըստ Ձեզ՝ որո՞նք են եղել Ձեր բացթողումները քաղաքապետի պաշտոնում:

– Ես ոչ թե չեմ արել, այլ հնարավորություն չեղավ անելու: Իմ բյուջեն եղել է 150 միլիոն դրամ, ու այն ժամանակ՝ պատերազմից հետո, գիտեք՝ ինչ ժամանակահատված է եղել: Բայց ամեն ինչ արել եմ, հնարավորինս կարողացել եմ աշխատել: Այն ժամանակ քաղաքը նենց եմ պահել, որ տաք ջրի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի խնդիր չի եղել: Համախմբվել ենք, մարդիկ օգնել են, սաղին հրավիրել ենք խորհրդակցության, որ՝ սա մեր քաղաքն է՝ պետք է պահենք: Թերացումները, բնական է, չեմ կարող ասել՝ ինչ թերացումներ են, բայց ես մեծ ցանկություններ եմ ունեցել այն ժամանակ քաղաքը սարքելու:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ հաշվի առնելով, որ մտադրություն ունեն առաջադրվելու նաև ներկայիս քաղաքապետը, ինչպես նաև՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

– Ընտրարշավ է, ով ուզում է՝թող առաջադրվի, ինչքան շատ առաջադրվեն՝ այնքան լավ: Իմ շանսերը կգնահատի ժողովուրդը՝ կտեսնեք:

– Հաշվի առնելով նախորդ փորձը, երբ Դուք էլ էիք թեկնածու, ու Արամ Դանիելյանն ընտրվեց՝ հիմա ի՞նչն է փոխվել, ի՞նչ ձևով եք պայքարելու:

– Էն ժամանակ մենք պահի տակ չպատկերացրեցինք՝ ինչ ա. եթե այն ժամանակ 18 հազար ընտրող է մասնակցել, թվով ցույց ա տված, որ 25 հազար է մասնակցել: Այսօր մեր նպատակն է՝ դա թույլ չտանք: Այս անգամ նման բան չի կարա լինի, մենք պետք է պահենք, բոլոր շենքերում հատ-հատ աշխատում ենք, ինչքան ներկա մարդ կա՝ պետք է մասնակցի ընտրություններին, հրապարակել եմ տալու անուն-ազգանունով՝ ով կա Հրազդանում, որ պետք է մասնակցի ընտրություններին: Չի կարա 18 հազարը 3 օրվա մեջ դառնա 25 հազար:

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ձեզ աջակցելու է, ի՞նչ առավելություններ դա կտա Ձեզ:

– Ես «Քաղաքացիական պայմանագրում» պատահական անդամ չեմ, հիմնադիրներից մեկն եմ եղել: Մեծ առավելություն է, առավել ևս, որ իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Ինձ համար շատ մեծ առավելություն է, հատկապես՝ էս կարգի մարդկանց հետ:

– Որո՞նք են քաղաքի հիմնական խնդիրները, որոնցով, ընտրվելու դեպքում, սկսելու եք զբաղվել:

– Քաղաքում շատ մեծ խնդիրներ կան արդեն, գրեթե բոլորն էլ հիմնական են՝ թե՛ ճանապարհների վերանորոգման հետ կապված, թե՛ մսուր-մանկապարտեզների, թե՛ վերելակների, թե՛ մուտքերի, լուսամուտ էլ չկա… Չգիտեմ՝ ո՞ր դարում ենք մենք հիմա, ես չեմ ուզում խոսեմ, բայց չի կարելի, չէ՞, դա ոչ մեկի հոր սեփականությունը չի, մարդուն դրել են, որ աշխատի, այսօր բյուջեով ահագին փող է տրվում, իմ ժամանակ ընդհանրապես հնարավորություն չկար: Ամբողջ քաղաքում խնդիր է, ուրիշ բան չկա:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարող էիք՝ որպես պատգամավոր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, ինչո՞ւ որոշեցիք Հրազդանի քաղաքապետի պաշտոնում դնել Ձեր թեկնածությունը:

– Ես չեմ ուզում մտնեմ խորհրդարան, ես ուզում եմ իմ քաղաքը սարքեմ: Շատ մարդիկ գուցե ձգտում են մտնեն խորհրդարան, ես 10 տարի խորհրդարանում եմ եղել, ինձ չի զարմացնում Ազգային ժողովը: Հիմա Հրազդանում գաղջ մթնոլորտ է ձևավորվել, պետք է ստեղի մարդ լինես՝ սրան-նրան քծնես, սրան-նրան ծախես, որ հարց լուծվի: Ես ասել եմ, որ դառնամ քաղաքապետ՝ 60-65 տոկոս երիտասարդներ եմ բերելու աշխատանքի, երիտասարդներին պետք է առաջ բերել, լուրջ կրթված մարդիկ կան, որ էսօր չգիտեն՝ ի՞նչ անեն:

Ես ժողովրդի վրա էլ եմ զարմանում, որ, ասենք, մի քանի տարի մեկը ինչ-որ բուդկա, եսիմինչ ա դրել, աշխատում ա, կանչում-ասում ա՝ էդի կսեփականացնեմ, կտամ քեզ էդ հողը, ոնց որ իրա պապու հողերն ա… Ժողովուրդ ջան, էդ ձեր հողերն ա, ոչ մեկն իրավունք չունի տենց վերցնի, վաճառի, գռփի, ծախի, նման բան չի կարա լինի, կամ ասում ա՝ վերելակները կսարքեմ… է սարքի, որպես քաղաքապետ՝ բա քո գործը վերելակները սարքելն էլ ա: Բայց վախի մթնոլորտ չեն կարողանալու ստեղծեն. թե՛ իմ կուսակցությունով, թե՛ իմ ընկերներով չենք թողնելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս