«Այս ֆիլմերում կինը ներկայացված է այլ կերպ՝ զերծ հասարակության կողմից պարտադրվող ստերեոտիպերից»
Մարտի 7-11-ը Երևանում անցկացվելիք «Իտալական կինոյի շաբաթը» նվիրվում է Կանանց միջազգային օրվան: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրիցիո Կրոչատելլին:
Նրա խոսքով՝ ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնում անվճար ցուցադրվելու է 5 ֆիլմ, որոնք նկարահանվել են 2010-14 թթ.: Մաուրիցիո Կրոչատելլին հույս հայտնեց, որ ինչպես անցյալ տարի, այս անգամ ևս մեծ թվով այցելուներ կունենան:
Դեսպանության մշակութային ծրագրերի պատասխանատու, Երևանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ ֆիլմերը նվիրված են իտալական հասարակությանը հուզող հարցերին, սակայն բոլորի կենտրոնական թեման կինն է և կնոջն առնչվող տարբեր խնդիրներ: «Ֆիլմերում ներկայացված է կանանց համապարփակ աշխարհը, կան տարբեր կանացի կերպարներ՝ ուժեղ, թույլ կին, մայր, սիրուհի՝ կինն իր ողջ էությամբ: Ի տարբերություն իտալական կինոյում 1980-ական թթ. ընդունված կերպարների՝ այս ֆիլմերում կինը ներկայացված է այլ կերպ՝ զերծ հասարակության կողմից պարտադրվող ստերեոտիպերից»,- ասաց Լաուրա Պաչենտին: Ժամանակագրական առումով ֆիլմերի թեմատիկան ընդգրկում է 1950-ականներից մինչև մեր օրերը:
Լաուրա Պաչենտին նշեց նաև, որ Հայաստանում աշխատելիս շատ է շփվում հայ կանանց հետ, գիտե նրանց խնդիրները և նաև դա հաշվի առնելով է ընտրվել ֆիլմերի ցանկը: «Կարծում եմ՝ թեև իտալացի կանայք չէ, որ պետք է ինչ-որ բան սովորեցնեն հայ կանանց, պարզապես դիտելով այս ֆիլմերը՝ հայ կանայք կարող են տեսնել հենց իրենց հուզող խնդիրները»,- ասաց դեսպանատան մշակութային հարցերի պատասխանատուն: