«Իմ քաղբանտարկյալ լինելը քո քաղբանտարկյալ լինելուն չի խանգարի». Սասուն Միքայելյանը՝ Արմեն Ռուստամյանին
«Դե, բնական է, ոչ մի գործ էլ դեռ չի բացահայտվել: Ինչ վերաբերվում է մարտի 1-ին, այսօր ես չեմ հուսահատվել, թողել, գնացել, նստել տուն, հիմա իմ թեկնածություն դնելն էլ է պայքարի միջոց, որ մենք պայքարենք արդարության համար, տղերքն էլ են պայքարել արդարության համար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով մարտի 1-ի սպանվածների գործերի բացահայտման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի պաշտոնում:
Ս. Միքայելյանը ցավակցեց զոհվածների հարազատներին և ողջ ժողովրդին՝ Մարտի 1-ին կատարվածի համար: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ մինչ օրս այն բացահայտված չէ՝ դժվա՞ր է բացահայտելը, թե՞ իշխանությունները կամք չեն դրսևորում, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց.
«Կամք է պետք դրսևորել, այնտեղ մարդիկ կան, որ բացահայտ գիտեն՝ ինչ է եղել: Այնտեղ մարդիկ կան, որոնք բացահայտ գիտեն՝ ով է կրակել այդ զենքից: Մենք գնացինք, նստեցինք, մեր քաղաքական հայացքների համար դատվեցինք, ընկանք բերդերը, թող դրանց էլ բռնեին, դատեին, որ ժողովուրդն էլ հասկանար, որ իրենք սխալ են գործել»:
Անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իրենցից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել, Ս. Միքայելյանն ասաց.
«Ինձ ընդհանրապես հետաքրքիր էլ չի, ինձ ընդհանրապես հետաքրքիր էլ չի, թե նա կարծիք է հայտնել: Ես ընդհանրապես անհարմար էլ եմ զգում այդ հարցին հակադարձեմ, ժամանակն ու ժողովուրդն է որոշում, թե ով է քաղբանտարկյալ: Ինչի իրենք ինչո՞վ առավել քաղբանտարկյալ էին… Էն մի հատ երգ կա է՝ «Քանքարավոր ընկեր», ուզում եմ ասեմ՝ իմ քաղբանտարկյալ լինելը քո քաղբանտարկյալ լինելուն չի խանգարի: Ինձ համար անհարմար է այդ մասին խոսելը… Թե՞ իրենք դաշնակ են, իրենց արյունն ավելի կարմիր ա…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: