Բաժիններ՝

«Եթե դուք մոտենում եք Թոխմախին կամ Շմայսին, որոնք այբբենարանի 3 տառերը միայն գիտեն, և հարցնում եք 4-րդ տառի մասին, ապա նրանք դա դիտարկում են՝ որպես պրովոկացիա». իրավապաշտպան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԱԺ Էթիկայի հանձնաժողովի վերջին որոշմանը, նշեց, որ բարոյականության և էթիկայի միջև սահման չի տեսնում և կարծում է` նորմալ մարդու մոտ նման սահման պետք է որ չլինի.

«Բայց քանի որ մարդիկ տարբեր են, կան հասարակական նորմեր, օրենքներ, որպեսզի ինքը մնա այդ սահմանների մեջ։ Մեզ մոտ օրենքների առկայության դեպքում էլ են մարդիկ շրջանցում դրանք։ Շատ ավելի լավ հասարակություն կլիներ, եթե ներսում չունենային հակասություն էթիկայի նորմերի հետ»։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց, որ առավոտյան, երբ կարդացել է Խոսրով Հարությունյանի բացատրությունները, թե ինչու են եզրակացրել, որ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էթիկական խախտում չի արել, նույնիսկ բարձրաձայն ծիծաղել է.

«Մարդն ասում է` պարզեցինք, որ սպառնալիք չկա Շուշան Պետրոսյանի խոսքերի մեջ։ Սպառնալիք լինելու դեպքում՝ դա արդեն կդառնար քրեական հանցանք և Էթիկայի հանձնաժողովի տիրույթում չէր լինի։ Էթիկայի հասկացողությունը երևի պետք է բացատրել ինչ-որ մարդկանց, հետո նոր այդ հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվի։ Նա ասում է, որ, եթե պատվարժան, տարիքով գիտնականի ասվեին այդ խոսքերը, ապա կլիներ էթիկայի խախտում, իսկ եթե երիտասարդ աղջկա է ասվել, ապա երգչուհին ընդամենը սաստել է։ Ուղղակի ապշելու է, եթե նման բան է ասում նախկին վարչապետ, ամբողջ կյանքում պատգամավոր աշխատած մարդը՝ Խոսրով Հարությունյանը, ուրեմն էլ ի՞նչ պետք է պահանջել Շմայսից, Թոխմախի Մհերից։ Այնպիսի վիճակ է ստեղծվել Հայաստանում, որ էթիկայի նորմերը խախտելու բոլոր նպաստավոր պայմանները կան»։

Ըստ նրա ` լրագրողների կողմից էլ է նկատվում անպատասխանատու պահվածք, որը հասցնում է դրան:

«Մի տեսակ շատ բան փոխվեց` դաստիարակության, կրթության հետընթացն ակնհայտ է։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովներով հնարավոր է այդ վիճակը շտկել։ Շատ խորը վիճակ է, և, ճիշտն ասած, մեղքը տեսնում եմ շատ ավելի բարձր ատյաններում։ Եթե երկրի նախագահն իր բոլոր ելույթներում մամուլի դեմ ինչ-որ հայտարարություններ է անում, համարում է, որ երկրի գաղջ մթնոլորտի մեղավորը լրագրողներն են, լրագրողները պատվեր են կատարում, և այլն, դա ոնց որ մի տեսակ նշան է թոխմախների, շմայսների համար, որ լրագրողների վրա հարձակվեն, վիրավորեն, հայհոյեն։ Հարգալից մթնոլորտը, միմյանց իրավունքները հարգելը պետք է գա երկրի առաջին դեմքից, կառավարությունից, ԱԺ-ից։ 90-ական թվականներին աշխատած լրագրողները շատ լավ հիշում են, որ, եթե լրագրողը մոտենում էր պատգամավորին, ապա պատգամավորը նույնիսկ զգաստանում էր։ Այնպես չէ, որ այն ժամանակ շմայսները չկային, պատգամավոր չէին, կային, ուղղակի երկրի մթնոլորտն այլ էր»,- ասաց բանախոսը։

Վ. Հարությունյանը հավելեց` լրագրողն ամենապետքական մարդը պետք է լինի պատգամավորի համար: «Միայն լրագրողի միջոցով է, որ նա կարող է իր մտքերը փոխանցել հասարակությանը։ Նրանք բացարձակապես չեն հարգում ոչ միայն՝ լրագրողի, այլև՝ հասարակական սեկտորում եղած մյուս կառույցների աշխատանքն ու մարդկանց, որովհետև նրանց չի թվում, որ իրենք պատգամավոր են։ Նրանցից որևէ մեկն իրեն պատգամավոր չի զգում։ Եթե դուք մոտենում եք Թոխմախին կամ Շմայսին, որոնք այբբենարանի երեք տառերը միայն գիտեն, և հարցնում եք չորրորդ տառի մասին, ապա նրանք դա դիտարկում են՝ որպես պրովոկացիա։ Հիմա ի՞նչ անի լրագրողը»,- ասաց Վ. Հարությունյանը։

Իսկ Արմինե Օհանյանի խոսքով` նույն Թոխմախին ու Շմայսին իրենց կուսակիցները չեն սաստում. «Շուշան Պետրոսյանը զբաղված է ֆեյսբուքյան օգտատերերին սաստելով, բայց թող միմյանց սաստեն։ Եթե լինի ընդհանուր մերժման մթնոլորտ իրենց կուսակցության ներսում, երբեք չեն գնա այդ քայլին։ Ես վստահ եմ, որ նույնիսկ հերոսացնում են։ Հաստատ զանգում-ասում են` ապրես, ախպեր ջան, տեղը դրեցիր լրագրողին, ճիշտ արեցիր, և այլն։

Մի խնդիր էլ կա. մեր հասարակությունը սկսել է մակերեսային վերաբերմունք ցուցաբերել տարբեր հարցերի նկատմամբ, մեր ընթերցողի ճաշակն է ընկել, մեզ մղեցին նրան, որ մենք սկսենք շմայսներին, թոխմախներին սադրել՝ այդ տեսակ նյութեր բերել, որովհետև, եթե մի խելացի քաղաքագետի հետ զրույցը կարդում են 100 հոգի, ապա նրանց հետ նյութերը՝ 10 հազար հոգի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս