Խոսրով Հարությունյանի նվերը «տառաճանաչ» պատգամավորներին
Այսօր Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ, որոշեց կարճել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի վարույթը՝ հիմնավոր չլինելու հիմքով: Հանձնաժողովի անդամները գտան, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանի «այ լակոտ», «աչքերդ կհանեմ» արտահայտություններն էթիկայի նորմերի խախտում չեն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանն այդպես էր պատասխանել բանակի խնդիրների մասին գրառում կատարած ֆեյսբուքյան օգտատերերից մեկին: Մեկնաբանելով հանձնաժողովի որոշումը՝ Խոսրով Հարությունյանն ասել է.
«Իմ պատանի տարիքում քիչ չեն եղել դեպքերը, որ մեծերն ասել են՝ ականջներդ կկտրեմ, ա՛յ լակոտ: Դրանից չի հետևել, որ նրանք ակնհայտորեն գալու էին՝ իմ ականջները կտրեն: Ուղղակի խրատում էին ինձ, սաստում իմ այս կամ այն քայլը»: Ինչպես ասում են, սա արդեն հոգեբանների գործն է: Էթիկայի հանձնաժողովն իր այս որոշմամբ կանաչ ճանապարհ բացեց ՀՀԿ խմբակցության (և ոչ միայն) բոլոր «տառաճանաչ» պատգամավորների համար: Նրանք կկարդան այդ որոշումը, կհամոզվեն, որ այլևս այլաբանորեն օգտագործված արտահայտությունները ֆիզիկական սպառնալիք չեն ենթադրում, ու կսկսեն իրենց ընդդիմախոսների հետ շփվել, ասենք, «թռնեմ դեմքիդ», «հըլնեմ վրեդ», «տվել եմ՝ կսատկես» և այլ նման «դաստիարակչական» արտահայտչամիջոցներով:
Բայց Էթիկայի հանձնաժողովի որոշումը ենթադրաբար վերաբերում է բոլորին, ուստի այսուհետ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, նրանց ծնողների, հարազատների և այլ փոխկապակցված անձանց մասին ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից արտահայտվող «գնահատականները» պետք է ընդունել բացառապես՝ որպես խրատական, դաստիարակչական հորդորներ:
Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանին, ապա նրան, վաստակավոր արտիստի կոչումից բացի, պետք է շնորհել նաև «վաստակավոր խրատաբանի» կոչում և խնդրել, որպեսզի նա իր բոլոր խրատները, հանրության ներկայացուցիչներին ուղղելուց առաջ, փորձարկի Էթիկայի հանձնաժողովի անդամների վրա: Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ:
Հ.Գ. Ըստ էթիկայի հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրների, այս որոշման ընդունումից հետո արտահայտելով իր ոգևորությունը՝ Շուշան Պետրոսյանը, նետվելով Խոսրով Հարությունյանի ուղղությամբ, բացականչել է. «Ուտեմ մռութդ»: Նախնական տեղեկություններով, Խոսրով Հարությունյանը դիմածնոտային հատվածում որևէ վնասվածք չի ստացել: